Հունվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առթիվ՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, խոսելով և ներկայացնելով հոլոքոստի ցավերի ու զրկանքների մասին, անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանությունը՝ այն որակելով որպես «հայ ազգի կոտորածներ»: Տեղեկանում է Jwire.com.au կայքը:
Իսրայելի նախագահը մեջբերել է հրեական ընդհատակյա «Նիլի» կազմակերպության առաջատար անդամ Ավշալոմ Ֆեյնբերգի 1915թ. խոսքերը. «Ես սեղմում էի ատամներս՝ անհանգստացած, թե հաջորդն ում հերթն է: Երբ ես քայլում էի օրհնյալ և սրբազան հողի վրայով՝ դեպի Երուսաղեմ, ինքս ինձ հարց էի տալիս՝ արդյոք մենք ապրում ենք ժամանակակից դարաշրջանում՝ 1915թ., թե՞ Տիտանի և Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Ես նաև հարց էի տալիս ինձ՝ ունե՞մ իրավունք լալու սոսկ իմ ժողովրդի ողբերգության համար, և մի՞թե Երեմիա մարգարեն արցունք չէր թափել հայերի համար ևս»:
Ռիվլինը հավելել է. «Ավշալոմ Ֆեյնբերգն այս խոսքերը գրել է ուղիղ 100 տարի առաջ. տատանումների և ժխտման 100 տարի: Բայց այն ժամանակ Իսրայելում, Երուսաղեմում, որտեղ ծնվել եմ ես, ոչ ոք չէր հերքում տեղի ունեցած կոտորածը:
Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները և իմ ընտանիքի անդամները տեսել են, թե ինչպես են հազարավոր հայ փախստականներ ժամանել՝ սովալլուկ, կարեկցության արժանի, աղետից ողջ մնացած: Երուսաղեմում նրանք ապաստան գտան, և նրանց սերունդները մինչ օրս շարունակում են այստեղ ապրել»:
Հետաքրքիր է նաև Իսրայելի նախագահի Խոջալուին վերաբերող հայտարարությունը, որի հասցեատերը չի նշվում. «Արդյո՞ք մեր պայքարը, այս ասամբլեայի պայքարը ցեղասպանության դեմ բավարար արդյունավե՞տ է: Արդյո՞ք այդ պայքարը բավարար էր Բոսնիայում: Արդյո՞ք դա արդյունավետ էր Խոջալուի ջարդերի ժամանակ»,- ասել է նա: Այնուամենայնիվ, Ռիվլինի խոսքից պարզ է դառնում, որ նա, «Խոջալուի ջարդեր» ասելով, ի նկատի ունի Ադրբեջանի հորինվածքը: Հավանաբար խոսելով հայերի մասին` Ռիվլինը չէր կարող մոռանալ նաև Իսրայելի եղբայրական Ադրբեջանին: Սա, իհարկե, հակահայ, հակամարդկային և կեղծ հայտարարություն էր՝ արված Իսրայելի նախագահի կողմից այն էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրագույն ամբիոնից:
Ռիվլինը իր ելույթի ընթացքում մի քանի անգամ նշում է նաև, որ ինքը սիոնիստ է, իսկ սիոնիզմն անվանում է հրեական վերածննդի շարժում. «Որպես հրեա, որպես սիոնիստ, որպես իսրայելցի, որպես մարդ արարած, չնայած իմ ձեռքերը կապված են, բայց իմ սիրտը լաց է լինում այն անհայտ անձանց հետ, ովքեր քայլում են դեպի եղբայրական գերեզման»,- հայտարարել է Իսրայելի նախագահը: