ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է բանաձև, որով կոչ է անում Իսրայելին անահապաղ դադարեցնել պաղեստինյան զավթված տարածքների բնակեցումը։ Բանաձևին աջակցել են ԱԽ 14 անդամ երկրները, մինչդեռ ԱՄՆ պատվիրակությունը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ՝ անտեսելով բանաձևն արգելափակելու մասին Իսրայելի կոչը։
Բանաձևում շեշտվում է, որ օկուպացված տարածքների, այդ թվում Արևելյան Երուսաղեմի բնակեցումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, նաև լուրջ խոչընդոտ՝ երկու անկախ պետությունների ստեղծման ճանապարհով հակամարտությունը կարգավորելու համար։ ՄԱԿ-ը պահանջել է, որ «Իսրայելն անհապաղ ու ամբողջովին դադարեցնի բնակեցումը»՝ կոչ անելով երկու կողմերին պայքարել ահաբեկչության ու բռնության քարոզման դեմ։
Ի դեպ, ՄԱԿ անդամ երկրների պատվիրակությունները՝ բացառությամբ ԱՄՆ-ի ու Իսրայելի բանաձն ընդունել են ծափողջույններով։
Սակայն չի ուշացել Իսրայելի պատասխանն այս բանաձևին: Երկրի կառավարության տարածած հայտարարությունում նշված է, որ Իսրայելը չի պատրաստվում կատարել հակաիսրայելական «ամոթալի» բանաձևը՝ այդ ամենի մեջ մեղադրելով Բարաք Օբամայի վարչակազմին:
«Բարաք Օբամայի վարչակազմը ոչ միայն չի պաշտպանել Իսրայելը, այլ նաև ՄԱԿ-ում պայմանավորվել է իր մեջքի հետևում»,- նշված է հայտարարության մեջ:
Բանաձևին հաջորդել են Իսրայելի կտրուկ քայլերն ընդդեմ բանաձևին կողմ քվեարկած երկրների: Երկիրը հետ է կանչել Նոր Զելանդիայում և Սենեգալում իր դեսպաններին և չեղյալ հայտարարել բոլոր ֆինանսական օժանդակությունները, որ նախատեսված էին այդ երկրների համար:
Նշենք, որ ՄԱԿ-ը մինչ օրս չի ճանաչել Պաղեստինը որպես պետություն, բայց ճանաչել է որպես դիտորդ պետություն: Իհարկե այս երկրի ճանաչմանը դեմ է նախ և առաջ Իսրայելը, քանզի վերջինս զբաղեցնում է Պաղեստինի տարածքի ավելի քան 50%-ը:
Այսօր Պաղեստինի ինքնավարության իշխանությունները պահանջում են ճանաչում մինչև 1967թ արաբա-իսրայելական 6-օրյա պատերազմը գոյություն ունեցած սահմանները, որի մեջ են մտնում Հորդանան գետի արևմտյան ափը, Գազայի հատվածը, ինչպես նաև Արևելյան Երուսաղեմը, որը պետք է դառնա ապագա պետության մայրաքաղաք: Պաղեստինի դե ֆակտո իշխանությունները բազմիցս են ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել Իսրայելի զավթիչ քաղաքականության մասին: