Իսրայելական ընկերությունը անօդաչու սարքեր է փորձարկել հայկական դիրքերի վրա Ադրբեջանի պահանջով (Տեսանյութ)

18

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ: Հաղորդում է իսրայելական Haaretz-ը:

Դիմումի համաձայն՝ Ադրբեջանը պահանջել է ընկերությունից գնվելիք Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը փորձարկել հայկական դիրքերի ուղղությամբ:

Aeronautics Defense Systems ընկերությունը կտրականապես հերքում է, թե իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից շեշտել են, որ իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչն այդպես է նաև այս դեպքի համար»: «Aeronautics-ը սպառողներ ունի աշխարհի շուրջ 50 երկրներում և իր արտադրանքը վաճառում է միայն Պաշտպանական արտահանման վերահսկողական գործակալության հավանությամբ: Գործողությունն իրականացվել է միայն գնորդի (խմբ.- Ադրբեջանի) կողմից և իր պատասխանատվությամբ: Aeronautics-ն անօդաչու սարքերի փորձարկումներ չի իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչը ճշմարիտ է նաև այս դեպքի համար»:

Maariv-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմից սպառնալիքներից հետո ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներից ոմանք անձամբ են փորձարկել Orbiter 1k սարքերը, որոնք չեն հարվածել թիրախին և ընկել են հայկական դիրքերից շուրջ 100 մետր հեռավորության վրա:

Aeronautics Defense Systems-ի ուղղված բողոքն ուսումնասիրում է Իսրայելի պաշտպանական գերատեսչության մասնագիտացված մարմինը՝ Պաշտպանական արտահանման վերահսկողական գործակալությունը: