1in.am-ը տվյալներ է ներկայացնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նրա կնոջ ունեցվածքը Մարտի 1-ի քրեական գործի նյութերից վերցված։
Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի անվամբ հաշվառված են Երևանի Ռուբինյանց փողոցի 1-ին շենքի 1 բնակարանը, «Ռուզաննա Խաչատրյան Գորգենի» Ա/Ձ-ն, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» առողջապահական հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև «Lexus LX 5.7» մակնիշի 90 NN 900 պետհամարանիշներով ավտոմեքենան։
Ռուզաննա Խաչատրյանը 2018-ին Հասմիկ Մելիքյանից ստացել է շուրջ 160 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար, 2017-ին իր հաշվեհամարներից կանխիկ ելքագրել է շուրջ 401 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար և մուտքագրել է 98 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար։
Նշենք, որ սա այն ամենն է, ինչ նրանք պաշտոնապես հաշվառել են իրենց անունով։ Հասկանալի է նաև, որ կա ներկայացվածից գուցե ավելին, ինչը գրանցված, հաշվառված է նրանց ծանոթ-բարեկամների անուններով։
Մասնավորապես, մամուլի տարբեր հրապարակումներից կարելի է պարզել, որ Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար եղած ժամանակ 2002 թվականին քաղաքացիներ Տիգրան Մովսիսյանի և Շանթ Ալեքսանյանի հետ ստեղծել է «ՍՏՇ Պիրամիդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Մինչև 2005 թվականն այս ընկերության բաժնետերերի մեջ փոփոխություն է եղել, և 2005-ին Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը դարձել է այդ ընկերության 55 տոկոս բաժնետեր: Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա»-ն սկզբում գիշերային ակումբ էր, իսկ հիմա սրճարան, սննդի կետ է դարձել։
2016 թվականին, երբ Սեյրան Օհանյանը դեռ պաշտպանության նախարար էր, մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ նա Վահագնի թաղամասում շքեղ առանձնատուն է կառուցում: Նա մի հսկայական ու շքեղ առանձնատուն էլ ունի Սևանա լճի ափին։
Ուշագրավ է, որ սկսած 1992 թվականից Սեյրան Օհանյանը եղել է զինվորական ծառայության մեջ՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, և օբյեկտիվ հարց է ծագում, թե ինչպես կարող էր նա այդքան ունեցվածք դիզել միայն նախարարի աշխատավարձով։














