Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարարից և ասաց. «Համոզված եմ, որ նա արել է առավելագույնը առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երևույթ է, և գալիս են փուլեր, ժամանականեր, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ»:
Դիտարկմանը՝ գո՞հ է եղել Գրիգորյանի աշխատանքից, Փաշինյանն ասաց․ «Ես բազմիցս ասել եմ, եթե դուք ինձ հարցնեք՝ ես իմ աշխատանքից գո՞հ եմ, թե՞ ոչ, կասեմ՝ ոչ։ Սա չի նշանակում, որ ես համարում եմ՝ ես պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրները լուծելու համար, բայց ես ուզում եմ, որ ես, բոլորս անենք ավելին, նույնիսկ ավելին, քան հնարավոր է, նույնիսկ ավելին, քան անհնար է։ Ես հավատում եմ, որ կարող ենք անել անհնարը, որովհետև 2018 թվականին մենք արել ենք անհնարը»:











