Sputnik-Բելառուսը հաղորդում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցին և Յուրի Խաչատուրովին կալանավորմանը:
Լուկաշենկոն նշել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում վերջին քննարկման ժամանակ «ճաշը եփել է» Նիկոլ Փաշինյանը: «Ես չհամաձայնեցի նշանակել թոշակառուի, այլ ներկայացրի երիտասարդ գեներալի»,-ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ն պետք է ղեկավարեն «երիտասարդ, տաղանդավոր գեներալները», ովքեր կբարձրացնեն կազմակերպության կարգավիճակը:
Ըստ այդմ, Բելառուսի նախագահն առաջարկել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը, առաջարկել է, որ Զասը այցելի ՀԱՊԿ անդամ երկրներ, այդ թվում Հայաստան: «Եթե դուք պատրաստ եք ընդունել, լսել… կարող եք չհամաձայնել (նրա թեկնածությանը), կարող եք հետեւել ձեր սկզբունքներին, բայց դուք նրա հետ խոսեք: Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից»,-ամփոփել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, երբ Փաշինյանը զանգահարել է իրեն, ինքը հարցրել է. «ինչո՞ւ ես կալանավորել Խաչատուրովին քաղաքական դրդապատճառներով»:
«Ես նրան ասացի, որ ես կողմ չեմ, երբ կալանավորում են քաղաքական դրդապատճառներով»,-ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն ասել է, որ Սանկտ Պետերբուրգում՝ ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը, եւ Ռուսաստանի, եւ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու նա չի զանգահարել եւ չի խորհրդակցել կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ: «Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ Փաշինյանը»,-ընդգծել է նա:
Նրա խոսքով, «ամոթ է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային»:
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ Լուկաշենկոն նշել է. «Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ ինքը: Քանի որ ստեղծեց խնդիրը, ծագեց այս խնդիրը, նստեցրին կազմակերպության նախկին ղեկավարին, եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը, ընտրեինք նոր պաշտոնյա: Գլխավոր քարտուղարն այնքան էլ կարեւոր դեր չի խաղում եւ չէր լինի այս խնդիրը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ: Այն, ինչ եղավ Հայաստանում, մենք չենք այդտեղ մտել: Քննարկման ժամանակ ինքը մեզ այդտեղ մտցրեց, որ այնտեղ ընտրություններ են եւ այլն»: