Հայաստան-Մոսկվա-Մինսկ-Աստանա տեսակամուրջի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և Ինտեգրացիայի դեպարտամենտի միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը շեշտել է, որ Արցախի հարցը Մաքսային Միություն կամ որևէ այլ տնտեսական կառույց չի էլ քննարկվում՝ ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական միության սահմաններն անցնելու են Հայաստանի ներկայիս ընդունված սահմաններով:
Ազարովի այս հայտարարությունը ՀՀ իշխանություններին պետք է, որ մտածելու տեղիք տար, սակայն վերջիններս նույնիսկ որևէ կերպ չեն էլ փորձում արձագանքել՝ այդ կերպ մերժելով Արցախի՝ Հայաստանից անբաժանելի լինելու հանգամանքը:
Այն, որ Մաքսային Միության մեջ մտնող երկու երկրները՝ Ղազախստանն ու Բելառուսը Արցախի մասով ոչ հայանպաստ դիրքորոշում ունեն,նորություն չէ, նորություն չէ նաև Ռուսաաստանի երկակի խաղը, բայց որ այս հարցում անտարբեր է Հայաստանը, սա արդեն իսկ լուրջ խնդիր է:
Մի պարզ տրամաբանություն: Եթե Հայաստանն արդեն վերջնականապես ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիրը, ապա ՀՀ շուկայում մեծ փոփոխություններ են սպասվում: Արդեն նշվել է, որ շատ ապրանքատեսակների մաքսատուրքերը փոխվելու են, ԵՄ-ի, և ՄՄ-ից դուրս մնացյալ երկրների հետ նույնպես մաքսատուրքերի փոփոխություններ կմտնեն, այսինքն՝ Հայաստանի տնտեսությունն արմատապես կփոխվի, խաղացողները՝ ևս: Իսկ ի՞նչ է լինելու Արցախի վիճակն այս պարագայում: Մի՞թե չի ստացվում, որ ՄՄ մտնելով, Արցախին մեկուսացնում ենք: Ազարովը պարզ հայտարարեց, որ ՄՄ-ն չի ընդունում Արցախին, ԵՄ-ն բնականաբար չի ընդունում, տարածաշրջանում աչքի փուշ է, մյուսներն էլ հեռու են: Արցախը մեկուսանում է՝ դառնալով իր հայրենիքից կտրված մի կղզյակ: Ինչպե՞ս է իր առևտրաշրջանառությունը կազմակերպելու, մաքսերի ու հարկերի չափերը որոշելու, ներկա պայմաններով է գործելու, թե նոր դրույքներ կմտցվեն շրջանառություն, հայտնի չէ: Եվ մյուս կողմից Հայաստանն ու Արցախը սահման չունեն (նույնիսկ ամոթ է նման բան ասելը), այդ դեպքում ինչպես է Ռուսաստանը Հայաստանից տարանջատում առանց Հայաստանի կյանք չունեցող Արցախին: Ակնհայտ է՝ Ռուսաստանը կրկին խաղում է: Հիմա էլ այս ձևով է Արցախը Հայաստանից առանձնացնում:
Ընդհանրապես ռուսական կողմն Արցախն իր համար հաղթաթուղթ է դարձրել, երբ Հայաստանն իրեն խելոք չի պահում առաջ է քաշում Արցախի հարցը: Չնայած բոլորին է հայտնի, որ Ռուսաստանը տարածաշրջանի բալանսը պահում է հենց Արցախի, այսպես կոչված հարցի շնորհիվ, քանզի Արցախով նա վախեցնում է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային՝ միաժամանակ բոլորի հետ հարևանություն ու եղբայրություն անելով: Խնդիրն էլ հենց նրանում է, որ Արցախի հարց չկա, Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, իսկ եթե մենք սկսում ենք օտար երկրների հետ քննարկել չեղած հարցը, ինքներս ենք համաձայնվում մյուսների հետ՝ հակասելով մեր իսկ շահերին:
Իսկ մեր իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակ լռում են: Նախ լռեցին այս 20 տարիների ընթացքում, հետո լռակյաց ընդունեցին ԵԱՀԿ-ի ոչ հայանպաստ հայտարարություններն ու սկզբունքերը, այսօր լռում են՝ տեսնելով Արցախի մեկուսացումը: Այս ամենից հետո ինչ ակնկալել այս նոր կառավարությունից ու ՀՀ իշխանություններից, պարզ է: Նրանք ոչինչ չեն անելու՝ միայն գրպաններն են հարստացնելու՝ արհամարհելով և՛ Հայաստանի, և՛ Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Արցախի ցանկություններն ու շահերը:











