«Իմ քայլից» 10 պատգամավոր չի միացել Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը

5
Այսօր՝ մայիսի 11-ին, Ազգային ժողովն ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են դրան կողմ քվեարկել:

Ավելացնենք, որ կողմ քվեարկած 79 պատգամավորներից 78-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնց է միացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։

Փաստորեն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից 10-ը չեն միացել քվեարկությանը։ yerkir.am-ը ներկայացնում է այդ պատգամավորների անունները։ Փաստենք նաև, որ վերոհիշյալ 10 պատգամավորներից 6-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, 4-ը՝ անկուսակցական։

Աթաբեկյան Վարդան Նելսոնի

Բաղդասարյան Նազելի Հրաչի

Գալստյան Մերի Արսենի

Թովմասյան Թագուհի Մանվելի

Կարապետյան Տիգրան Գոռի

Հովսեփյան Սոֆիա Ազատի

Ղազարյան Թագուհի Արարատի

Միքայելյան Սասուն Մեխակի

Մովսիսյան Սերգեյ Լեւիկի

Ուլիխանյան Տիգրան Արմենի

Հիշեցնենք, որ Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը ստանձնելու է մի շարք պարտավորություններ, որոնց թվում են՝ ձեռնարկել օրենսդրական կամ այլ տեսակի՝ ներառյալ կազմակերպական, քաղաքականության փոփոխման միջոցառումներ՝ ապահովելու համար կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նաև սպորտի, մշակույթի, հանգստի ոլորտներում պարբերաբար շփում ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանությունն ու նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկումը:

Կոնվենցիային անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմանվաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն: Սա այն մինիմում կոնսենսուսն է, որ դրան միացող անդամ պետությունները համաձայնում են ընդունել: