Ինչ են մտածում իմքայլականները Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին

16
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում չեն համարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշեց, որ իրականացվողը զուտ իրավական գործընթաց է:

«Մենք երբևէ չենք շարժվել քաղաքական բռնաճնշումներով: Կա քրեական գործ, դրա շրջանակներում կատարվել են գործողություններ: Սա իրավական ընթացակարգ է»,- ասաց Փամբուխչյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ որևէ մեկի նկատմամբ կարող է քաղաքական ճնշում կամ հետապնդում իրականացվել քաղաքական հայացքների համար:

«Վստահ եմ, որ այն ամենն, ինչ արվում է, իրավական գործընթաց է: Թող որևէ մեկը քրեական գործընթացը չխառնի քաղաքական գործընթացներին»,- նշեց Պողոսյանը:

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշեց, որ անտրամաբանական է քաղաքական հետապնդում իրականացնել նախկինում գործած հանցանքների հիման վրա: Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ոստիկանության իրականացրած գործողությունների իրավաչափությանը, պատգամավորն ասաց, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը պետք է գործի համաչափ:

«Լսել եմ, որ կին պատգամավորների հետ կապված խնդիրներ են եղել: Առաջիկա ժամերի ընթացքում մեր գործընկերներով կքննարկենք իրավիճակը, եթե տեսնենք, որ իրավապահների գործողությունները անհամաչափ են եղել, «Իմ քայլը» հանդես կգա քաղաքական հայտարարությամբ»,- ասաց Բաղդասարյանը: