Վարչապետի ընտանիքի վերաբերյալ ատելություն սերմանող լուսանկարներ են շրջանառվում. Իմքայլականը դիմել է ՄԻՊ-ին

21

ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին նշելով, որ համացանցում արձանագրել է վարչապետի ընտանիքի՝ երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։

Պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր երևույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։ 

Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության նսեմացումը: 

Հերթական անգամ հատուկ պարզաբանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:

Բոլորին ևս մեկ անգամ հորդորում ենք ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները: