Իմքայլականները ՄԻՊ-ին մեղադրեցին կանխակալ վերաբերմունքի մեջ

11
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը և Արթուր Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին մեղադրեցին իշխանական խմբակցության նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ:

Մասնավորապես, Քրիստինե Պողոսյանը հիշեցրեց, որ ՄԻՊ-ն անարձագանք է թողել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սեռական բնույթի վիրավորանքը, ինչպես նաև Ադեկվադ կազմակերպության անդամների հետ հայտնի միջադեպից հետո անմիջապես այցելել է Արթուր Դանիելյանին, իսկ Ալեն Սիմոնյանին՝ մեկ ժամ հետո:
 
Արթուր Հովհաննիսյանն էլ հիշեցրեց Մարուքյանի հայհոյանքը Սիմոնյանի հասցեին, ինչպես նաև Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հասցեին Մարուքյանի արտահայտությունները:

Արման Թաթոյանը պատասխանեց. «Դուք ասում եք, որ Մարդու իրավունքների պաշտպանը պիտի պաշտպանի մարդու իրավունքները, որովհետև անվանումը այդպես է: Սա տարիների կարծրատիպ է, որովհետև ՄԻՊ-ը պաշտոնատար անձ է, ունի կոնկրետ լիազորությունների շրջանակ, չի կարող դուրս գալ այդ շրջանակից։ Եթե ՄԻՊ-ը դուրս գա այդ շրջանակից, կարող է խախտել օրենքը»:

Թաթոյանի խոսքով` Արթուր Դանիելյանի փաստաբանը անհապաղ զանգել էր ՄԻՊ-ի գրասնենյակի թեժ գիծ, և այդ պարագայում գրասենյակը պարտավոր է արագ արձագանքման խումբ ուղարկել դեպքի վայր, նաև զուգահեռ աշխատանանքներ են տարվել, որպեսզի Ալեն Սիմոնյանին փնտրեն, որովհետև ըստ պաշտպանի՝ տեսանյութ էր հրապարակվել, որում Ալեն Սիմոնյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ «Մենք անընդհատ փորձում էինք, չէինք կարողանում կապվել, որովհետև վայրը հրապարակված չէր։ Հենց իմացանք, թե որտեղ է, մենք անհապաղ այցելել ենք բժշկական կենտրոն»,- ասել է Արման Թաթոյանը։