Իզմիրի հայկական եկեղեցին ախոռի է վերածվել

10

Իզմիրի հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ: Հայտնում է Panorama.am-ը՝ հղում անելով թուրքական Milliyet պարբերականի կայքին:

Պարզվում է`տեղի բնակիչները, ովքոր իրենց ձիերն ու կովերն են այստեղ բերում, բողոքել են եկեղեցին իրենց որջը դարձրած թմրամոլներից ու հարբեցողներից: Պարբերականը գրում է, որ հայկական եկեղեցին գտնվում է Իզմիրի Մենեմեն վարչական շրջանում: Ենթադրվում է, որ 19-րդ դարում է կառուցվել, թեև այդ մասին վկայող արձանագրություն չի պահպանվել: Եկեղեցին ցավալի վիճակում է գտնվում, կառույցի ներսը լցված է գոմաղբով և այլ աղտոտություններով:

Տեղի բնակիչները բողոքում են, որ տարածքը վտանգավոր թմրամոլների և հարբեցողների վայր է դարձել: Այն գտնվում է ոստիկանների վերահսկողության ներքո, երեխաները չեն կարողանում հանգիստ խաղալ այդ տարածքում, անծանոթ մարդիկ են եկեղեցու շրջակայքում պտտվում:

Թաղամասի բնակիչներից Նուրթեն Յըլմազը հայտնում է, որ սա պատմական հայկական եկեղեցի է. «Թուրքիան, ցավոք, կարևորություն չի տալիս պատմական կառույցներին: Մարդն ինչ կրոնի էլ պատկանի, հոգևոր արժեքներին տեր պետք է կանգնել: Այսպիսի կառույցներն արդեն շատ քիչ են մնացել: Հիմա այս պատմական կառույցը ախոռի է վերածվել: Թմրամոլներն են այստեղ շրջում: Պետք է տեր կանգնել այս վայրին»:

Պատմական այս կառույցը որպես եկեղեցի ծառայել է մինչև 1922 թվականը: Երբ հայերը հեռացել են Մենեմենից, եկեղեցին բարձիթողի վիճակում է հայտնվել:

Մինչև վերջերս այն օգտագործվում էր որպես զինվորական պահեստ, սակայն հիմա այն դատարկ է: