Գերմանական ARD հեռուստաալիքը Թուրքիայում ապաստանած սիրիացի ներգաղթյալների խնդիրների շուրջ հատուկ ռեպորտաժ է պատրաստել՝ ադրադառնալով այն անմարդկային պայմաններին, որին հանդիպում են ներգաղթյալները:
Նշվում է, որ բազմաթիվ սիրիացիներ Թուրքիայում ապահովված չեն մշտական աշխատանքով, կացարանով, սննդով և անհրաժեշտ դեղորայքով, ինչի հետևանքով ստիպված են լինում անգամ վաճառել իրենց ներքին օրգանները:
Գերմանացի լրագրողին հարցազրույց տված և Ահմեդ անունով ներկայացած սիրիացի տղամարդը պատմել է, որ նա այլ ելք չունի, քան իր երիկամները վաճառելը, քանի որ սոցիալական խնդիրների այլ լուծում Թուրքիայում չի գտնում:
Ռեպորտաժի հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայում և Լիբանանում մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող մաֆիան մեծ օգուտներ է քաղում սիրիական ճգնաժամից:
Նշենք, որ Սիրիայում սկսված պատերազմի և Իսլամական պետության վայրագությունների ֆոնին բազմիցս խոսվել է Թուրքիայում ներգաղթյալնների օրգանների վաճառքի մասին, սակայն միջազգային կառույցներն այդպես էլ համապատասխան արձագանք չեն տվել երևույթին:














