Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել:
Պատգամավորի կողմից մեջլիս ներկայացված առաջարկում որպես փաստարկ է բերվել այն հանգամանքը, որ «ատոմակայանն աշխատում է աշխարհի ամենահին տեխնելոգիաներով»:
Էքսիքը ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ մասնավորապես ասել է. «Առաջին էներգաբլոկն աշխատում է առաջին սերնդի ռեակտորով, բացի այդ այն չունի ռադիոակտիվ նույթերի արտանետումները կանխարգելող պողպատե պաշտպանական գմբեթ: Երկրորդ էներգաբլոկn էլ ատոմային աղետները կանխարգելող տեխնոլոգիաներով հագեցված չէ և չունի անվտանգության համակարգ: Երկրորդ էներգաբլոկի ռեակտորի տեսակն էլ ցածր է արևմտյան ստանդարտներից»:
Առաջարկում ասվում է, որ ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում: Թուրքիայի արևելյան և հարավային նահանգները կանգնած են մեծ ռադիոակտիվ վտանգի առաջ:
Քրդամետ կուսակցության պատգամավորն անգամ տվյալներ է ներկայացրել, որ ատոմակայանի գործունեության պատճառով Իգդիրի և շրջակայքի բնակչության մոտ վերջին 10 տարում քաղցկեղով հիվանդության դեպքերը 100 տոկոսով աճել են: