Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը գյուղամիջում հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանական կողմի կրակոցից:
«Նա հրազենային վնասվածք է ստացել աջ ոտքի ծնկի հատվածում: Կրակոցը ստացել է գյուղում, ինչից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն: Կատարվել է բժշկական միջամտություն, քաղաքացին իրեն լավ է զգում»,- ասաց բուժքույրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հեռախոսով զրուցել է Սուրեն Սեփխանյանի հետ։
«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,– գրում է վարչապետ Փաշինյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։
Ադրբեջանական կողմի՝ կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։