Հակառակորդը շարունակում է ակտիվություն դրսևորել, այս գիշեր կրակահերթերն անհամեմատ շատ են եղել: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով շեշտել է, որ զոհեր ու վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ էլ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում և անցած գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց:











