Ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խաղաղ բնակիչ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ գլխավոր դատախազությունը, հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` «Սարիջալու» կոչվող տեղանքում, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի «Ագրոտնտեսություն թիվ 1»ՓԲ ընկերությանը պատկանող և իրեն ամրակցված «Ջոն-դեր»մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ է կատարել:
Աշխատանքների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետևանքով, Արվիդ Դանիելյանը դեմքի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել:
Փաստի առթիվ հուլիսի 14-ին ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 151026.14 քրեական գործը` ԼՂՀ քր. օր-ի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումը և հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:














