Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (Արցախի ուղղությամբ) նկատվել է օպերատիվ իրադրության որոշակի փոփոխություն: Բացի արդեն սովորական դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, որի ընթացքում առաջնային գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում կիրառվել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (РПГ-7), հակառակորդը հունիսի 17-ի ժամը 21.45-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի:
ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկջոկատայինների խումբը հետ է շպրտվել:
Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: