Թշնամու դիվերսիայի արդյուքնում ունենք 2 զոհ և վիրավորներ

5

Հակառակարոդը, շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ ամբողջ սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը, հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել:

«Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ից: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»:

Հովհաննիսյանը շեշտել է, որ լարվածության ամբողջ պատասխանատվությունն ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:

Միևնույն ժամանակ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: