«Ազատ Ձայն»–ն իր ընթերցողին է ներկայացնում 1920-ականների սկզբին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցմանը նվիրված մի հոդված, որտեղ ցույց կտանք Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագրի քաղաքական-դիվանագիտական անբարոյական խաղը, որ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը վարեց Հայաստանի հանդեպ հօգուտ Թուրքիայի՝ վերջինիս տրամադրելով ոչ միայն հսկայական նյութական, այլև մեծ ռազմական օգնություն:
Պարզվում է՝ Թուրքիայի հանրապետության առաջին նախագահը և ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, առաջինն է հասկացել, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը կարող են համընկնել: Հենց այս գաղափարը պատճառ դարձավ, որ թուրք-սովետական հարաբերությունները բարելավելու խնդրանքով նույն Աթաթուրքը դիմեց Խորհրդային Ռուսաստանին՝ փորձելով վերջինիս հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ:
Ստամբուլում, Թաքսիմ հրապարակում, հենց այն նույն վայրում, որտեղ այսօր հաճախ հավաքվում են ցուցարարները, կա ունի մի հուշարձան՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը:
Հայտնի է, որ այդ հուշարձանը կանգնեցվել է 1928թ-ի օգոստոսին քանդակագործ Պետրո Կանոնիկայի կողմից:
Այդ քանդակը իր մեջ ներառում է Աթաթուրքի արձանը, որի կողքին կանգնած են Կլիմենտ Վորոշիլովի, Սիմոն Արալովի և Միխայիլ Ֆրունզեի արձանները:
Արձանախմբում սովետական ֆիգուրների տեղակայումը հավանաբար Աթաթուրքի հարգանքն է այն պետության հանդեպ, որ առաջինն է ձեռք մեկնել Թուրքիային «ազատագրական» պատերազմների ժամանակ:
Պատմությունից հայտնի է, որ մինչև 1914–1918թթ. պատերազմը Թուրքիան Եվրոպայում և Ասիայում տիրապետում էր մոտավոր 1 մլն 786.716 քառ. կմ տարածքի, որտեղ բնակվում էր մոտ 21 մլն մարդ: Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Թուրքիան կրճատեց իր տարածքները մինչև 732.000 քառ. կմ-ի, իսկ բնակչության թիվը դարձավ 13մլն: Այսինքն՝ Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան կորցրեց իր տարածքների գրեթե 66%-ը և բնակչության 33%-ը:
Այդ պատերազմից հետո Թուրքիայի տարածքների մեծ մասը փաստացիորեն բաժանվեցին հաղթող երկրների միջև՝ Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա և Հունաստան: Անտանտի զինված ուժերը գրավեցին նախ և առաջ ամբողջ Բոսֆորի և Դարդանելի նեղուցի տարածքը, ի դեպ այս օպերացիան իրականցնում էր Անգլիան:
Ի տարբերություն պարտված Գերմանիայի և Ռուսաստանի՝ Թուրքիային ավելի վատ չափաբաժին էր հասնելու, քանի որ Եվրոպական երկրները որոշել էին նրա տարածքները բաժանել հարևանների միջև, իսկ մի մասն էլ ներգրավել իրենց գաղութային տիրապետության տակ: Թուրքերը կարող էին ընդհանրապես զրկվել պետականությունից, և միայն Քեմալ Աթաթուրքի հայտնվելը խանգարեց այս բոլոր նախագծերի իրագործմանը: Սա այն բացառիկ դեպքերից է համաշխարհային պատմության մեջ, երբ մեկ մարդը կարողացել է շրջել և որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր և արդյունքում ստեղծել նոր տիպի պետություն օտարների հողերի վրա:
Ընդհանուր առմամբ, բոլշևիկները ձգտեցին Արևմուտքում տարածել իրենց կոմունիստական գաղափարախոսությունը: Առանց Թուրքիայի, որը մեծ հեղինակություն ուներ մուսուլման աշխարհում, նրանք չէին կարող իրենց քաղաքական գաղափարները տարածել իսլամական երկրի մեջ: Իսկ քեմալականների ուղղորդումը դեպի Սովետական Ռուսաստան ռազմական և ֆինանսական աջակցության համար էր արվում:
Նշանակում է, որ 20-ականների սկզբին Թուրքիան և Սովետական Ռուսաստանը հետապնդում էին փոխադարձ ռազմական, քաղաքական և տնտեսական շահեր: Հենց այդ ժամանակ Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի շահերը պատմության մեջ երկրորդ անգամ համընկան, դրանից առաջ այս երկու երկները հինգ դար շարունակ թշնամիներ էին համարվում:
Աշխարհում ոչ մի երկրի հետ Ռուսաստանն այնքան չի պատերազմել, որքան՝ Թուրքիայի: Ռուս-թուրքական պատերազմները շարունակվել են շուրջ 240 տարի ՝ 1676–1681, 1695–1700, 1710–1713, 1735–1739, 1768–1774, 1787–1791, 1806–1812, 1828–1829, 1853–1856, 1877–1878, 1914–1918: Խաղաղ տարիներն իրականում այնքան էլ խաղաղ չէին, այլ նոր պատերազմին պատրաստվելու նպատակ էին հետապնդում: Եվ միայն Թուրքիայի Ազգային Խորհրդի բացումից հետո (1920թ. ապրիլի 26), Մուստաֆա Քեմալը հաստատված կառավարության անունից պաշտոնական նամակով դիմեց Սովետական Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Թուրքիային օգնության ցուցաբերում:
1922թ. հունվարի 5-ին Թուրքիայում ՌԽՖՍՀ դեսպան նշանակվեց Ս. Ի. Արալովը: Մինչ Անկարա մեկնելը, ինչպես իր հուշերում գրել է Արալովը. «Թուրքերը պայքարում են իրենց ազգային ազատագրության համար: Դրա համար ԱԺ-ն ձեզ ուղարկում է այնտեղ որպես ռազմական գործի գիտակի»:
Դատելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի և քեմալիստների հարաբերությունները իրականում շատ ընկերական էին և փոխադարձ վստահելի, դա հաստատվում է որոշ շատ հետաքրքիր մանրամասների շնորհիվ:
Այսպես, 1922թ. մարտ-ապրիլին Մուստֆա Քեմալի հրավերով Արալովը, զինվորական ատաշե Զվոնարյովը և Ադրբեջանի առաջին դեսպանը Թուրքիայում՝ Իբրահիմ Աբիլովը, այցելեցին գործող ազգային ազատագրական բանակի զորամասեր, որտեղ նրանք եղան հետևակային, հեծելազորային դիվիզիաներում, այցելեցին երկու բանակների շտաբները, Կոնիայում ուսումնասիրեցին թիկնազորային ռազմական հաստատությունները և մասնակցեցին ազգային բանակի տարեդարձին նվիրված տոնակատարություններին: Ռուսական դեսպանատան ներկայացուցիչները ցույցերից հետո զինվորներին փոքրիկ նվերներ բաժանեցին թուրքերեն երկտողով. «Թուրք զինվորին Սովետական Ռուսաստանի Կարմիր բանակի կողմից»:
Սովետական պաշտոնական տվյալների համաձայն՝ 1920թ. համաձայնագրի և 1921թ. մարտի 16-ի պայմանագրի համաձայն՝ ԹուրքիայինՆովորոսիյսկով, Տուապսեով և Բաթումով 1920-1922թթ. ընթացքում մատակարարվել է 39 հազար հրացան, 327 գնդացիր, 58 հրանոթ , 63 մլն փամփուշտ, 147 հազար արկ, 20 000 հակագազ, 1 500 սուսերև այլն: Ի դեպ, արևմտյան սահմաններից ռազմական տեխնիկա է տեղափոխվել, որը թողնվել էր 1918թ. ռուսական բանակի կողմից: 1921թ. փոխանցվել է ծովային երկու կործանիչ «Живой»-ըև «Жуткий»-ին:
Անկարայում սովետական կառավարությունը օգնեց վառոդի երկու գործարանների կառուցմանը՝ միաժամանակ Թուրքիա բերելով փամփուշտի գործարանի սարքավորումներ և փամփուշտի արտադրության համար հումք: Բացի այդ՝ սովետական դիվանագիտական միսիան Ումպալ-Անգարսկու գլխավորությամբ 1920թ. Թուրքիայի Ազգային Խորհրդին տվեց 200,6 կգ ոսկու ձուլակտորներ, որը սովետական կառավարությունը խոստացել էր Մոսկվայի բանակցությունների ընթացքում:
Տրապիզոնում Մ.Վ. Ֆրունզեն թուրքական իշխանություններին մանկատների կառուցման համար 100 հազար ռուբլու ոսկի փոխանցեց, այն մանուկների համար, որոնց ծնողները ընկել էին պատերազմի դաշտում: Արալովը 1922թ. թուրքական բանակին նվիրաբերեց 20 հազար լիրա: 1921 թ. աշնանըԽորհդային Ռուսաստանը Թուրքիային տվեց 6,5 միլիոնռուբլիոսկով` անհատույց: Իսկ 1922թ. սկզբին Թուրքիային մատակարարվեց զենքի մի նոր խմբաքանակ: 1922թ. մայիսի 3-ին Արալովը փոխանցեց Թուրքիային 3,5 մլն ռուբլի ոսկով 1921թ-ի մարտի 16-ի պայմանագրով որոշված 10մլն ռուբլու վերջին մասնաբաժինը:
Սրանք թվեր են, որ ինքնին հաստատում են Խորհրդային Ռուսաստանի հակահայ քաղաքականությունը:
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից ` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը:
Իրականում ռուս-թուրքական այս սիրախաղից մեծագույնս տուժեց Հայաստանը:
1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը անցկացվող կոնֆերանսին ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան: Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Ըստ այդմ՝ մարտի 16-ի պայմանագիրը քեմալիստների ակնառու հաղթանակն էր, ակնառու, քանզի Առաջին աշխարհամարտից դուրս գալով որպես պարտված պետություն, որը Սևրի պայմանագիրը գործողության մեջ դնելիս վերածվելու էր թույլ մի պետության, քեմալականները կարողացան ոչ միայն այդ պայմանագիրը չեղյալ հայտարարել, այլև տեր դառնալ Օսմանյան կայսրությանը չպատկանած, բայց ագրեսիայի միջոցով զավթած ավելի քան 25 հազար քառ. կմ նոր տարածքի: Ճշմարտությունը մեկն է` Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը քաղաքական-դիվանագիտական մի անվայելուչ, անբարոյական խաղ էր, որ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը վարեց այնքան չարչրկված Հայկական հարցի շուրջը, իսկ հայկական դիվանագիտական պաշտոնական պատվիրակությունն այդ դիվանագիտական խաղից դուրս թողնվեց:
Քաղաքական-դիվանագիտական հակահայկական խաղի հաջորդ քայլը Խորհրդային Ռուսաստանի կողմից արվեց 1921 թ. հուլիսի 5-ին, երբ որոշում ընդունվեց Արցախը թողնել Ադրբեջանի կազմում` նրան տալով ինքնավարություն: 1923 թ. հուլիսին Ադրբեջանական ԽՍՀ կազմում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` դարձյալ չհարցնելով հայ ժողովրդի կարծիքը:
Վերջին ժամանակներում ռուս-թուրքական հարաբերությունները բավական սրվել են, նույնիսկ քննարկումներ եղան Մոսկվայի պայմանագրի խզման շուրջ, սակայն ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ հնարավոր չի համարում 1921 թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական Բարեկամության ու եղբայրության պայմանագրի խզումը:
Ինչևէ, դժվար չէր ենթադրել այս արձագանքը, քանզի պատմությունը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական բախումները միշտ հաջորդում են մերձեցումներով:
«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրընյութի հիպերակտիվհղումով:











