Իրազեկման խնդիր ունենք. ՄԻՊ-ը՝ երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու աղմկահարույց կոնվենցիայի մասին

4

Այսօր ԱԺ-ն ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիայի վերաբերյալ վավերացման նախագիծը: Կոնվենցիային իր ելույթով անդրադարձավ նաև ՄԻՊ Արման Թաթոյանը, ով նշեց, որ հարցին պետք է մոտենալ երեխայի շահի առաջնահերթության և երեխայի շահի կարևորության տեսանկյունից:

Պաշտպանը նշեց, որ գտնում է, որ երեխայի համար ավելի լավ միջավայր, քան ընտանիքն է, հնարավոր չէ գտնել:

«Ես վիճակագրություն եմ խնդրել և Եվրոպայի խորհրդի 47 պետությունների թվում միայն Հայաստանը և Իռլանդիան չեն վավերացրել կոնվեցիան: Ես հույս ունեմ, որ այդ կոնվեցիան կնպաստի հատկապես քրեական գործով մեխանիզմների կատարելագործմանը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հանրության շրջանում կոնվենցիայի վերաբերյալ բացասական վերաբերմունքին, Թաթոյանը շեշտեց, որ ակնհայտ է, որ իրազեկման պակասի խնդիր ունենք. «Այս կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ»:

Կոնվենցիայի անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն: Սա այն մինիմում կոնսենսուսն է, որ դրան միացող անդամ պետությունները համաձայնում են ընդունել: