ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ արված շնորհավորական ուղերձում ասել է՝ «այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները դատախազությունից մեծ են, քան երբեւէ»:
«Ընթացիկ շրջանն իսկապես լրջագույն փորձաքար է դատախազության համար, որովհետեւ հենց դատախազության համակարգի աշխատողները պիտի շատ դեպքերում հանրությանը, ժողովրդին հայտնի ճշմարտությունները ձեւակերպեն որպես մեղադրանք եւ դրանք պաշտպանեն դատարանում:
Այս աշխատանքի որակից ու մակարդակից է կախված, թե որքանով մեր ժողովրդի գիտակցության մեջ կամրագրվի հավատը առ այն, որ Հայաստանում հնարավոր է անառարկելի օրինականության, ժողովրդավարական կարգուկանոնի, արդարության հաստատում»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «առաջիկայում դատախազությունը կստանձնի եւս մեկ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթ, եւ օրենսդրական այս նորամուծությունն էլ ավելի է մեծացնելու հանրության սպասումները դատախազության գործունեության արդյունքներից»:











