Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մուտքի մոտ անձամբ է հրահանգել հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, ինչից հետո հետևել է ծեծկռտուքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ ամենն արձանագրվել է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության կողմից հրապարակված տեսանյութում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Էրդողանը մեքենայի մեջ լսում ցուցարարներին, ովքեր բարձրախոսներով բղավում էին «Մանկասպան Էրդողան»: Ավտոմեքենայի բացված դռան մոտ՝ Էրդողանի կողքին կանգնած անվտանգության աշխատակիցը նրան շարունակ տեղեկացնում է տիրող իրադրության մասին՝ հրահանգներ ստանալով նախագահից: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես հաջորդ վայրկյաններին Էրդողանի հետ խորհրդակցող անվտանգության աշխատակիցը հրահանգում է մեկ այլ աշխատակցի, ով գլխով անելուց հետո վազելով իջնում է ցուցարարների մոտ, ինչից հետո սկսվում է Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա:
Հարձակումից հետո Էրդողանը դուրս է գալիս ավտոմեքենայից՝ դիտելու տեղի ունեցող իրադարձությունները, իսկ հրահանգ ստացած անվտանգության աշխատակիցը վազելով հետ է վերադառնում՝ կարծես զեկուցելով Թուրքիայի նախագահին կատարվածի մասին: Ծեծկռտուքը դիտելուց հետո Էրդողանը մտնում է կեցավայր:
Նշենք, որ ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի և մի շարք այլ քրդական, ասորական և հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի: