Մարտի 5-ին աշխատանքային այցելությամբ Երուսաղեմ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նախագահական նստավայրում ընդունել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Այս մասին տեղակցնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։
Նախագահ Ռիվլինը և նախարար Նալբանդյանը կարևորել են քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։
Հանդիպմանը քննարկվել է հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։