Թուրքիայում բնակվող մոտ 3.000 հայաստանցի երեխա կրթություն չստանալու խնդրի առաջ՝ նրանք ատեստատ չեն չստանալու: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Քանի որ Հայաստանից Թուրքիա գնացած երեխաները չունեն այդ երկրի քաղաքացիություն, դրա համար էլ չեն կարող անգամ գրանցվել և սովորել հայկական դպրոցներում:
Թուրքիայի կրթության նախարարության 2011 թվականի որոշման համաձայն` հայաստանցի երեխաներին թույլ է տրվում տեղի հայկական դպրոցներում կրթություն ստանալ միայն «հյուր-աշակերտ»-ի կարգավիճակով: Սկզբնական շրջանում որպես բարեփոխում ընկալված որոշումը՝ հետագայում իր հետ բերեց մի շարք խնդիրներ, որոնք առ այսօր լուծված չեն:
Նախ պարզվեց, որ Հայաստանից մեկնած աշակերտները կրթություն ստանալուց հետո ատեստատ չեն ստանալու՝ ի տարբերություն իրենց մյուս համադասարանցիների, ովքեր Թուրքիայի քաղաքացի են: Ատեստատի փոխարեն նրանք ստանում են համապատասխան դասընթաց անցնելու մասին տեղեկանք: Ըստ այդմ՝ կրթությունը դառնում է անիմաստ, քանի որ դպրոցն ավարտելուց հետո երեխաները հայտնվում են փակուղու առաջ. կրթությունը շարունակելու համար համապատասխան փաստաթուղթ չունեն, իսկ եղած կրթությունն էլ, բնականաբար, բավարար չէ:
Ստամբուլի հայկական դպրոցների հարցով զբաղվող Գարո Փայլանը լրատվամիջոցին ասել է, որ խնդիրը դեռևս շարունակվում է մնալ չլուծված: Պարզվում է հայկական դպրոցներում երեխաները մեկ այլ խնդիր ևս ունեն.
«Հայաստանցի երեխաները, բախվում են լեզվական խնդիրներին: Նրանք խոսում են Հայաստանում սերտած արևելահայերենով, իսկ այստեղ կրթությունն իրականացվում է արևմտահայերենով: Հետևաբար երեխաների համար դժվարություն է առաջանում հաղթահարել լեզվական այդ պատնեշը: Կարծում եմ պետք է լինեն նախապատրաստական կենտրոններ: Երեխանները նախ պետք է վերապատրաստվեն այդ կենտրոններում հետո հաճախեն դպրոցներ: Եվ բացի այդ, պետք է լուծվի նաև ատեստատի հարցը, ինչը շատ կարևոր է»,- ասել է Փայլանը:
Հ. Գ. Ցավն այն է, որ այս երեխաների ծնողները աշխատելու կամ գուցե, ապրելու համար համար ընտրել են հենց Թուրքիան՝ վտանգելով իրենց երեխայի ապագան: Այս հարցում, իհարկե, ամենամեծ մեղավարությունը ունի հենց մեր երկրի կառավարությունը, որի թեթև ձեռքով այս ընտանիքները շարունակ արտագաղթում են, և որ ամենասարսափելին է՝ Թուրքիա:














