Երբ դավաճաններն են իշխում…

19

Լրացավ ապրիլյան սրացումների 45-րդ օրը, սակայն պատերազմը դեռ շարունակվում է և 1994-ից հետո չի էլ դադարել: Դեռևս ոչինչ պարզ չէ:

Ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին արտասահմանյան պարբերականներից մեկին տված հարցազրույցի ընթացքում, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե առաջնագծում պատերազմ է, ապա բանակցելու իմաստ չկա: Դրանից հետո հայտարարություն տարածվեց, որ Հայաստանը երեք պահանջներ ունի, որոնց կատարումից հետո միայն հայկական կողմը կնստի բանակցությունների սեղան: Հետո Արցախի անկախացման մասին օրինագիծը առաջ քաշվեց, հայկական կողմը հայտարարեց, որ եթե թշնամին խելոք չմնա, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը:

Սակայն ի՞նչ է փոխվել այսօր: Առաջնագծում պատերազմը շարունակվում է, քանզի Ադրբեջանն ամեն օր հրետակոծում և արկակոծում է մեր դիրքերը, եթե ոչ ամեն, ապա գոնե երկու օրը մեկ զինվոր է զոհվում, սահմանամերձ գյուղերում դեռևս անհնար է ապրել, քանզի թշնամու նշանառության տակ են, Ադրբեջանը չի կատարել Սարգսյանի առաջ քաշած որևէ նախապայման, դեռևս չի խոսվում Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին: Նշանակում է՝ ապրիլի առաջին օրերի և այսօրվա միջև տարբերությունը չնչին է. արկերի քանակն է պակասել՝ թեժ պատերազմը վերածվել է հյուծող պատերազմի: Այս ամենին գումարած բանացության կանչող կողմերի ջայլամային քաղաքականությունը՝ պատերազմի թեժ պահին հավասարության նշան դնելով կողմերի միջև՝ ոչ մի անգամ չփորձելով Ադրբեջանին սանձազերծել, անգամ Ադրբեջանին չնախատեցին արգելված զինատեսակներ օգտագործելու համար:

Բայց այս ամենը Սարգսյանին չի խանգարում, և նա պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ի դեպ, նախագահականից այդպես էլ չհաստատեցին այդ հանդիպման մասին լուրերը: Ինչո՞ւ: Մի՞թե Սարգսյանը իր ժողովրդից գաղտնի է գնում հանդիպելու այդ մարդասպան ահաբեկչին: Հարց է ծագում, ինչպե՞ս է Սարգսյանը գնում Ալիևի հետ հանդիպելու, երբ քառօրյա պատերազմի ընթացքում թշնամին կտրել է հայ զինվորների գլուխները, ինչպե՞ս է Սարգսյանը հանդիպումելու Ալիևին, երբ ադրբեջանական կողմը հայ զինվորների մարմինները պարկերի մեջ լցված է մեզ վերադարձրել, ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը սեղան  նստելու այս մարդասպանի, ռազմական հանցագործի հետ, ով խաղաղ բնակիչների վրա է արկեր ու ծանր զրահատեխնիկա կիրառում: Ի՞նչ է բակացելու Սարգսյանը Ալիևի հետ, մի՞գուցե  քննարկելու են, թե այս անգամ ինչ տեխնիկա է կիրառվելու հայկական դիրքերի վրա: Սարսափելի է: Բանակցելու ոչինչ չկա, երբ դիմացինդ անհասկացող արյունարբու է, երբ նույն այդ բանակցության սեղանի շուրջ Սարգսյանի ականջին շշնջալու են սահմանային հերթական լարման մասին:

Երբ հայ զինվորների գլխատման հարցը չի բարձրաձայնվել և դրա համար պատասխան չի եղել, երբ գերիների անարգման հարցը չի հնչեցվել, երբ Արցախի տարածքային ամբողջականությունն է խախտվել, երբ ամեն օր զինվոր է զոհվում սահմանին, Սարգսյանն անելիք չունի վիեննաներում:

Իսկ Արցախի անկախության  ճանաչմամբ թշնամուն կամ Մինսկի խմբին վախեցնելը զավեշտալի է, երբ բոլորն են տեսնում, որ Սարգսյանը չունի այդքան ինքնուրույնություն նման որոշումներ կայացնելու համար: Նայենք նաև հարցի մեկ այլ կողմը, մի՞թե մեզ ձեռնտու է Արցախի անկախացումը, ի՞նչ է անելու անկախ Արցախը, և նմանատիպ բազմաթիվ հարցեր: Այս հարցի միակ խելամիտ լուծումը Արցախը Հայաստանին միացնելն է, ինչի նախադեպը դեռևս 1988թ. հունիսի 15-ին է եղել, երբ Գերագույն Սովետի որոշմամբ՝ Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտցվել է Հայաստանի կազմի մեջ: Այսինքն՝ փաստացի դեռևս 1988թ. Արցախը Հայաստանի մաս է կազմում, իսկ մենք անկախություն ենք խաղացնում, Մադրիդյան ու Կազանյան հակահայ սկզբունքներ: Ինչո՞ւ:

Այս պատերազմը կիսատ մնալ չի կարող, իսկ այն շարունակել է պետք ճիշտ նախադրյալների և հիմքերի վրա, այսինքն, երբ Արցախը ճանաչվի Հայաստանի մաս, և վերանան բոլոր տեսակի մադրիդյան սկզբունքները, հակառակ դեպքում կկրկնվի 1994թ-ի սխալը, և Արցախի հարցը նորից կմնա օդից կախված:

Ցավոք, Սարգսյանի պարանի վրա ցախ հյուսել չի լինում, քանզի նրա խոսքերը մի գրոշ անգամ չարժեն՝ նա կարող է ասել մի բան և անել լրիվ այլ բան, դրանում բազմիցս ենք համոզվել, բայց այսօր Հայաստանն այն իրավիճակում չէ, որ Սարգսյանը աճպարարություն անի՝ լուծելով իր և իր շրջապատի անվտանգության հարցերը՝ ծառայելով օտար ուժերին՝ հայ զինվորին դարձնելով իր պաշտպանական պատը: Մենք վստահ ենք, որ մեր բանակը կջախջախի թշնամուն, բայց առանց ազնիվ քաղաքական գործիչների, առանց նվիրյալ դիվանագետների պատերազմները հաղթանակներ չեն  արձանագրում, չենք մոռանա 1994-ի զինադադարը, որի միջոցով կասեցվեց մեր հաղթարշավը:

Ուստի այս պահին Ալիևի հետ հանդիպել նշանակում է դավաճանել ոչ միայն սեփական ասածները, այլև ողջ հայ ժողովրդին ու սահամանին զոհված զինվորին, ով հանուն հայրենիքի ընկավ:

 Ցավոք, այսօր ինչպես և 1994-ին իշխանական կլանը չի փոխվել և մեզ իշխում են դավաճանները, թալանչիներն ու որկրամոլները, ովքեր չեն կարող և միգուցե չեն էլ ուզում Արցախի հարցը լուծել:

 Պետք է այլ ելքեր մտածել …