Արցախի նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին:
Բակո Սահակյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
«Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաև օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: 2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ»,- ասել է Բակո Սահակյանը: