Եվրախորհրդարանի էթիկայի հանձնաժողովը մտադիր է դատապարտել 9 օրենսդիրների կատարած քայլը, ովքեր կասկածվում են 2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում ընտրական առաքելության ժամանակ նվերի տեսքով կաշառք ընդունելու մեջ: Այս մասին տեղեկացնում է euractiv.com կայքում:
Այդ պատգամավորներն են Քրիստինիա Օյուլանդը Էստոնիայից, Յացեկ Վլոսովիչը Լեհաստանից, Սլավի Բինևը Բուլղարիայից, Իրժի Մաշտալկան Չեխիայից, Իվո Վայգլը Սլովենիայից, Ալեքսանդր Թեյնը Գերմանիայից, Հանու Տակուլան Ֆինլանդիայից, Օլեգ Վալժալոն Խորվաթիայից, Նիկ Գրիֆինը Մեծ Բրիտանիայից: Նրանք հոկտեմբերին Ադրբեջանում ընտրությունների դիտարկում են անցկացրել: Բայց իբր թե մոռացել էին տեղեկացնել Եվրախորհրդարանին, որ Ադրբեջանի կառավարությունից հրավեր են ստացել և իրենց այցի մասին տեղյակ չեն պահել իրենց կայքերում, ինչպես նախատեսում են վարքի նորմերը:
Առաքելությունից հետո պատգամավորների խումբը զեկույց է ներկայացրել՝ ընտրությունները որակելով որպես ազատ և արդար: Այս գնահատականն արմատապես տարբերվում է ԵԱՀԿ առաքելության գնահատականից, որը լուրջ խնդիրներ է հայտնաբերել:
Եվրախորհրդարանի վարքի կանոնների համաձայն, ցանկացած տեսակի նվեր, ֆուտբոլային խաղի, շոույի կամ ճանապարհորդության հրավեր, որը գերազանցում է 150 եվրոն, պետք է նշվի պատգամավորի կայքում:














