ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած վերջին այցից հետո հայտարարություն են տարածել։
ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Լեհաստան) փետրվարի 4-5-ին այցելել են Ադրբեջան և Հայաստան։
Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանում՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հանդիպումներ են ունեցել նաև երկու կողմերի արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հետ։
Նախագահների հետ համանախագահները քննարկել են արտգործնախարարների վերջին հանդիպումը Փարիզում և ընդգծել են հետագա բանակցությունների կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման առումով։
Նրանք ընդգծել են բանակցությունները բարձր մակարդակով շարունակելու կարևորությունը, ինչպես համաձայնեցվել էր Վիեննայում։
Համանախագահները խոր անհանգստություն են հայտնել շփման գծում և սահմանին իրավիճակի սրման հետ կապված և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում և հռետորաբանության մեջ։
Կողմերն ընդգծել են իրենց մտադրությունը՝ պահպանել հրադադարը և խուսափել հետագա լարվածությունից՝ մասնավորապես հաշվի առնելով Սոչիի Օլիմպիական խաղերը։
Համանախագահները հաջորդ շաբաթներին շարունակելու են բանակցությունները կողմերի հետ՝ բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու նպատակով։











