Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունները Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին «Հրապարակին» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․
«Հայտարարության վերաբերյալ տեսանյութով ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն՝ ուսումնասիրելու: Բացի այդ, հայտարարության մեջ ներկայացվող հանգամանքների վերաբերյալ նյութեր են ստացվել նաև Երևանի քաղաքապետարանից: Դրանք բոլորը Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են ոստիկանություն՝ քրեական դատավարության ընթացակարգերով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանի երեկ հայտարարեց, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտեց, որ ընկերության սեփականատերը Վահագան Ղալումյանն է, որը Նիկոլ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի և նրա եղբայր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ Մեկ այլ դրավագով էլ կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել և այդ շինարարության տեխնիկական վերահսկողության մրցույթը շահել «Էտալոն Գրուպ» ընկերությունը։ Խաժակյանը կասկածներ ունի, որ այս 2 ընկերությունները փոխկապակցված են և պատկանում են վարչապետի քավոր Ղալումյաններին։











