Մի խումբ ՀԿ-ներ, քաղաքացիներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ կանխելու Դալմայի այգիների ոչնչացումը:
Մեծարգո նախագահ, ուշագրավ է Ձեր անդրադարձն այն հանգամանքին, որ ի հայտ եկավ հատկապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում՝ ցույց տալով, թե ինչքան կարևոր է Երևանում մաքուր օդ ու պարզ երկինք ունենալը, ավելին, տեսնելով ակնհայտ տարբերությունը, առավել գիտակցեցինք մարդու առողջության համար այդ կարևոր նախապայմանի ապահովմանը խոչընդոտող իրավիճակի պատճառները: Մենք, ներքոստորագրյալներս, կիսելով մաքուր օդ ունենալու և Երևանի «թոքերը» վերականգնելու Ձեր ազնիվ մղումը, և ողջունելով մեր պատմական հայրենիքի հիշատակը խորհրդանշական այգու միջոցով պահպանելու Ձեր ցանկությունը, ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ տարածքի վրա, որը Եղեռնի զոհերի հուշահամալիրի տարածքի հարևանությամբ է և ամփոփում է մեր պատմական հայրենիքի շրջանները հիշատակելու Ձեր առաջարկի տրամաբանությունը: Այն առավել խորը խորհուրդ է պարունակում, քանզի ամփոփում է հայոց գոյության պատմության՝ ավելի քան 6000 տարի առաջ ու շարունակ գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ և գինեգործությամբ զբաղվելու, արարելու վկայություններ: Խոսքը Դալմայի այգիների մասին է, որի շուրջ 70% արդեն ավերվել է, բայց մնացածը դեռ հնարավոր է փրկել: Այստեղ քայլել ու արարել են հայոց թագավորները, բարեխղճորեն տնկվել են մրգատու և, հատկապես, խաղողի այգիներ, որոնց բազմահազարամյա լանդշաֆտի վկայությունները դեռևս գոյություն ունեն (նման հնագույն խաղողագործական լանդշաֆտ առկա է միայն Հռոմում), այստեղ հայտնաբերվել են սեղանի և գինու խաղողի ավանդական տեսակների կենսաձևեր ու կլոններ, որոնց պահպանության գոյությունը ևս վտանգի տակ է: Վտանգի տակ է նաև պատմական Դալմայի ջրանցքի գոյությունը: Այգիների վրա հիմնված գինեգործության փաստերը պահպանվում են Կարմիր Բլուրում, որի տարածքը, առավել ևս այգիների հատվածը դեռևս լիովին ուսումնասիրված չէ: Դեռ 2003 թվականին, կառավարության մարտի 27-ի «Երևանի Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի սահմանների և նպատակային նշանակության փոփոխության մասին» հ. 1941–Ա որոշմամբ Դալմայի այգիների 256 հա տարածք նախատեսվել է դարձնել անտառ, սակայն առ այսօր այս որոշումն այդ մասով իրականություն չի դարձել: Ավելին, տարածքը մասնատվել է. 27 հա տարածք արդեն իսկ վարձակալությամբ տրվել է մասնավորի՝ ժամանցի վայր ստեղծելու նպատակով, որի համար հողին են հավասարեցվել ինչպես հնագույն արժեք ունեցող լանդշաֆտը, գինու պատմական հնձաններ, այնպես էլ տարածքը բարեխղճորեն կանաչապատած այգեգործների տնկած ծառերը:
Ինչպես գիտեք 2019թ. նոյեմբերին մասնավոր ընկերության կողմից տարածքում շինարարության ժամանակ քանդվեց միջնադարյան գինու հնձան, որից հետո ԿԳՄՍ նախարարի հանձնարարությամբ ստեղծվեց արշավախումբ և տարածքում հայտնաբերվեցին ինչպես մի քանի հազարամյա պատմություն ունեցող հնագիտական արժեք ներկայացնող կոթողներ, դամբարանադաշտ, այնպես էլ միջնադարյան հուշարձաններ, որից հետո նախարարությունը դրանց տվեց հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Տարածքը կանաչապատ է եղել հազարամյակներ շարունակ, դեռևս պահպանվել են կանաչ պատառիկներ, բայց օր օրի կառուցապատման նոր նախագծեր են ի հայտ գալիս ու կյանքի կոչվում՝ կանաչ տարածքի ու հայոց պատմության վկայությունների ոչնչացման ու վերացման հաշվին: Առաջարկում ենք համազգային այգի, հայկական այգի ունենալու Ձեր գաղափարն ի կատար ածել հենց այս տարածքում, ապահովել, որ այգին մնա այգի և չդառնա ռեստորանների ու բարձրահարկերի շարք: Դալմայի այգիներում իրականացնելով Ձեր գաղափարը շատ կարևոր ներդրում կլինի բոլոր առումներով՝ և՛ մեր պատմության նկատմամբ հատուկ վերաբերմունքի, և՛ հանրային առողջության, և՛ ընդհանրապես մայրաքաղաքում ոչնչացման եզրին գտնվող մի մեծ կանաչ տարածքի վերածննդի համար։ Այդ գաղափարի իրագործման պարագայում հայտնում ենք մեր մեծ պատրաստակամությունն ու կամավորական աշխատանքի ներդրումը: Եվ քանի որ «հետոն սկսվում է այսօր», վստահեցնում ենք, որ այսօր Դալմայի այգիների մնացած հատվածների փրկությունը Ձեր ձեռքում է:














