Եթե այս պահին երկրում արտակարգ դրություն է հայտարարված, մենք պայքարում ենք աներևույթ թշնամու դեմ, այս պարագայում խորհրդարանի երկրորդ ուժի, ժողովրդի մի զգալի հատվածի քվե ստացած քաղաքական ուժի կողմից նման հայտարարությունը ողջամիտ չեմ համարում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ պետք է կառավարության 100 տոկոսը հրաժարական տա:
«Նրանք այս պահին գոնե փորձեն թեթևացնել պետության վրա ծանրացած այս բեռը, երբ մեր քաղաքացիներն ամեն օր կյանքի և մահվան կռիվ են տալիս, նրանց կողմից նման հայտարարությունները, փորձը՝ խոչընդոտել կառավարության գերլարված ջանքերը, ես համարում եմ ինչ-որ դիվիդենտներ շահելու փորձ: Ամեն դեպքում դա իրենց գործելաոճն է, բոլորիս աչքի առաջ է և առաջին տարին չէ, նոր չէ, դա վաղուց է այդպես»,- ասաց նա:











