Գագիկ Ծառուկյանը վերջերս առերեսվել է իր դեմ ցուցմունք տված «Երևանշին» ընկերության նախագահ Վազգեն Պողոսյանի հետ, «Ազատությանն» այսօր հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է Ազատությունը:
Ըստ քրեական գործի` 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։
«Դրանց մանրամասները ես այս պահին չեմ ցանկանում ներկայացնել, ուղղակի ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ տարակարծություններ առաջացնող ցուցմունքը, վերջիվերջո արդեն փարատվել են այդ ցուցմունքի արդյունքում բոլոր կասկածները կոնկրետ մեզ մոտ առաջացած, և հույս ունեմ, որ դրանք ուսումնասիրելուց հետո նաև վարույթ իրականացնող մարմնի և դատարանի մոտ կփարատվեն այդ կասկածները: Այդ առերես հարցաքննության արդյունքում վերջնականապես պաշտպանական կողմը ևս ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները, և ավելի քան համոզված ենք և վերահաստատում ենք մեր պնդումն այն մասին, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է», – նշեց Էմին Խաչատրյանը:











