Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճնշում են Հայաստանին Ամուլսարի հարցում

15

Եվրամիության ներքին մի զեկույցի համաձայն, Միացյալ Թագավորության կառավարությունը ցուցարարների, օտարերկյա հանքային ընկերության և իշխանությունների միջև երկու տարի տևած փակուղային իրավիճակում ճնշել է Հայաստանի կառավարությանը։ Այս մասին գրում է epress.am-ը՝ հղում անելով ОpenDemocracy-ին:

– Հայաստանում 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո տեղի բնակիչները և ակտիվիստները սկսեցին շրջափակել երկրում 400 միլիոն դոլար արժողությամբ ոսկու հանքավայրը, որի արդյունահանմամբ պետք է զբաղվեր Ջերսիում գրանցված հանքարդյունաբերական ընկերությունը:

– Մինչ օրս տևող ճգնաժամային այսպիսի պայմաններում Լիդիան Ինթերնեշնլ (Lydian International) հանքարդյունաբերական ընկերությունը, որին մեծապես աջակցում է Միացյալ Թագավորությունը, Հայաստանի կառավարությանը սպառնաց միջազգային արբիտրաժով։

– ОpenDemocracy-ի հրապարակած հոդվածների հետքերով բրիտանական խորհրդարանի պատգամավորը քննադատություն հղեց՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչությանը՝ հանքի բացմանն աջակցելու «քաղաքական ռիսկը ստանձնելու» համար։

Եվրամիության ներքին զեկույցում, որը ОpenDemocracy-ին հասանելի է դարձրել Փաստաթղթերի հասանելիության ԵՄ կարգավորումների շնորհիվ, նշվում էր, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճնշումներ են գործադրում Հայաստանի նկատմամբ՝ ոսկու արդյունահանման վիճահարույց ծրագրի առնչությամբ։

Ամուլսարի ոսկու հանքարդյունահանումը հայաստանյան քաղաքական առաջնագծում հայտնվեց 2018-ին, երբ «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխող Հանրապետական կուսակցությունը դուրս մղվեց երկրի կառավարումից: Տեղի բնակիչները և բնապահպան ակտիվիստները սկսեցին 400 միլիոն դոլար արժողությամբ անավարտ հանքարդյունաբերական նախագծի տարածքի շրջափակումը, ինչը բրիտանա-ամերիկյան Լիդիան Ինթերնեշնլ հանքարդյունաբերական ընկերության, ընկերության միջազգային աջակիցների և Հայաստանի կառավարության միջև բախումների պատճառ դարձավ։

«Մեզ համար նշանակություն չունի՝ ովքեր են ցանկանում շահագործել հանքը: Ջերմուկում հանքարդյունաբերություն չի լինելու։ Նրանք, ովքեր փորձում են այստեղ հանք բացել, վատնում են իրենց փողերը», – վերջերս «Հրապարակ» թերթի հետ զրույցում նշել է տեղի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Գրեթե երկամյա շրջափակման արդյունքում Լիդիանին այդպես էլ չհաջողվեց մուտք գործել Ամուլսարի տարածք և ավարտին հասցնել հանքարդյունաբերական նախագծի շինարարությունը, որին, ի դեպ, աջակցում են Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ), պաշարների կորզմանն ուղղված ներդրումային հիմնադրամները, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ կառավարությունները:

Լիդիանը հանքի արգելափակումն ապօրինի է որակել և Հայաստանի կառավարությանը մեղադրել «անգործության» մեջ։ 2019 թվականի մարտին ընկերությունը Հայաստանին տեղեկացրել է բրիտանական և կանադական երկկողմ ներդրումային պայմանագրերի համաձայն միջազգային արբիտրաժի դիմելու հնարավորության մասին:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության 2019 թվականի հոկտեմբերի ներքին գրության մեջ նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ամուլսարի ոսկու նախագծի հետագա զարգացումների հետ կապված հսկայական ճնշումների է ենթարկվել», այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից:

«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հուսով են, որ Լիդիանը խտրականության չի ենթարկվի և նմանատիպ մոտեցում կկիրառվի Հայաստանում գործող այլ հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ևս», – ասվում է ԵՄ ներքին զեկույցում։

Մասնակիորեն կրճատված զեկույցը ստացել ենք Արտաքին գործողության եվրոպական ծառայությունից (EEAS)՝ ԵՄ դիվանագիտական գերատեսչությունից, որը նշել էր, որ «փաստաթղթի լրիվ հանրայնացումը կբացահայտի Երևանում ԵՄ պատվիրակության գնահատականները՝ կապված այդ նախագծի որոշակի հանգամանքների հետ, որոնք նախատեսված են միայն ներքին օգտագործման համար»:

«Այս զեկույցը հաստատում է շատերի կասկածները, որ Մեծ Բրիտանիան գործում է մի ընկերության անունից, որը ցանկանում է ոսկու վտանգավոր հանքավայր բացել, ավելին՝ «կորպորատիվ դատարաններն» օգտագործում է, որպեսզի Հայաստանի կառավարությանը ստիպի չեզոքացնել բողոքի ակցիաները», – նշում է Global Justice Now-ի արշավների բաժնի ղեկավար Ջին Բլեյլոկը:

Lydian-ը, որը գրանցված է Ջերսիում և որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կանադայում, նշում է, որ իրենք հետևել են շրջակա միջավայրին պատճառված վնասի մեղմացման և բնության պաշտպանության բարձրագույն միջազգային ստանդարտներին, ինչպես պահանջել են ՎԶԵԲ-ը և Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսական կորպորացիան։ Վերջինս Ամուլսարի նախագծից դուրս է եկել 2017-ին:

Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանների կողմից «Հայաստանում Մեծ Բրիտանիայի ամենամեծ ներդրում» և «Մեծ Բրիտանիա-Հայաստան բիզնես համագործակցության հիանալի օրինակ» անվանված հանքավայրի հակառակորդները պնդում են, որ հնարավոր բնապահպանական վնասների վերաբերյալ իրենց մտահոգությունները հիմնավորված են:

Փաստաթուղթը չի բացահայտում պաշտոնական Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի ճնշման բնույթը Հայաստանի վրա։

«Մենք չենք ընդունում Հայաստանի կառավարության հետ Ամուլսարի ոսկու հանքավայրի հարցով մեր դեսպանատան ներգրավվածության այսպիսի որակումը», – ասել է Բրիտանիայի Արտաքին գերատեսչության խոսնակը: «Դիվանագիտական ներկայացուցչությունների գործն է հյուրընկալող կառավարությունների հետ զրուցել հարցերի լայն շրջանակում, այդ թվում՝ տնտեսվարողների անունից: Այս դեպքում Երևանում Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանի կառավարության հետ քննարկել է հանքի հարցը՝ ավելի լավ հասկանալու իրավիճակի վերաբերյալ կառավարության մոտեցումը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն էլ ասել է. «Հուսով ենք, Հայաստանի կառավարությունը և Լիդիան Ինթերնեշնլը կշարունակեն աշխատել միասին՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված փոխհամաձայնեցված, անկողմնակալ և արագ լուծման բոլոր հնարավոր տարբերակները: Ցանկանում ենք տեսնել այս հարցի պատշաճ, ըստ օրենքի լուծումը։ Օրենքի թափանցիկ և միատեսակ կիրառումը բոլոր ներդրողների նկատմամբ վստահություն կներշնչի գործող և հավանական ներդրողներին»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում