Մոսկվան և Մինսկը նախնական հավանություն են տվել ռուսական գազի գնագոյացման նոր սխեմային, որի արդյունքում Բելառուսի համար ռուսական գազի գինը կնվազի մեկ երրորդով` 132 դոլարի փոխարեն դառնալով 100 դոլար 1000 խմ գազի դիմաց: Այդ մասին գրում է Panarmenian.net-ը՝ հղում անելով «Կոմերսանտ»-ին:
Այժմ Բելառուսի համար գազի գինը որոշվում է դոլարով` հաշվի առնելով գազի գինը Յամալում, դրա տեղափոխումը Բելառուս, պահեստավորումն ու իրացումը տեղի շուկայում: Նոր բանաձևով նախատեսվում է գնագոյացումը կատարել ռուբլիով, ինչը նվազեցնում է Մինսկի համար դոլարի փոխարժեքի տատանման հետ կապված ռիսկերը:
2017-ին գազի միջին գինը որոշված է 1000 խմ դիմաց 4,05 ռուբլու սահմանում: Հաշվի առնելով աճող 1,4 գործակիցը` Մինսկը գազը կգնի 6000 ռուբլով 1000 խմ գազի դիմաց: Մինչև 2016-ի ավարտը կգործի ֆիքսված գին`6,3 հազար ռուբլի 1000 խմ գազի դիմաց:
Բացի այդ, Մոսկվան ու Մինսկը պայմանավորվել են մինչև 2025թ. աստիճանաբար նվազեցնել գործակիցը մինչև 1-ը: Քանի որ նախատեսվում է, որ 2025-ին ԵՏՄ երկրները կունենան գազի միասնական շուկա, Մինսկը գազը կգնի միջինը նույն գնով, ինչ սպառողը Ռուսաստանում:














