Բելառուսը Ադրբեջանին ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կմատակարարի

6

Մինսկում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են պատրաստում: Գրում է belta.by-ն:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև՝ սպառազինության մատակարարման ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ:

«Ամենակարճ ժամկետներում այն կվերածվի պայմանագրի՝ Բելառուսից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման համար»,- ասել է Ալիևը:

Բացի այդ, Լուկաշենկոն Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանը Բելառուսի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի ռազմավարական գործընկեր»:

Ի դեպ, Լուկաշենոն Ալիևին դիմավորելից ընդգծել է, որ Բելառուսում Ադրբեջանին ընդունում են որպես «շատ բարեկամական, եղբայրական երկրի, որի հետ լավ հարաբերություններ են հաստատվել ամենատարբեր մակարդակներում»: 

Նշենք, որ Բելառուսի նախագահն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Մինսկն ու Բաքուն մտադիր են «համատեղ յուրացնել երրորդ երկրների շուկաները»: Լուկաշենկոն ընդգծել է, որ երկու երկրներն ընդլայնված արտադրական համագործակցության համար անհրաժեշտ հիմք ունեն: Այս համատեսքում Բելառուսի ղեկավարը նշել է, որ Գյանջայում (Գանձակ) արդեն հավաքվել է ավելի քան 10.000 բելառուսական տրակտոր ու 3.500 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Նա մանրամասնել է, որ արդեն գրեթե պատրաստ է Թուրքիայում Մինսկի ու Գյանջայի գործարանների մասնակցությամբ տրակտորների արտադրության նախագիծը: