Բաբելոնյան ստանդարտներով Երևան

36

Երբ որևէ երկրում սկսվում է քաղաքաշինությունը մեծ թափ առնել, բոլորն ուրախանում են, որ երկիրը զարգանում է, մարդիկ սկսել են լավ ապրել, ուզում են ավելի հարմարավետ, հնի ու նորի համատեղմամբ գեղեցիկ քաղաքներ ունենալ: Բայց այս ամենը Հայաստանին՝ մասնավորապես Երևան քաղաքին չի վերաբերվում: Երբ մեր մայրաքաղաքում բուռն թափ առավ բնակարանաշինությունը, ոչ մեկս չմտածեցինք, որ ինչ լավ է նոր շենքեր են կառուցում, արդեն կսկսենք ավելի բարեկարգ ու հարմարավետ ապրել, քանզի շարքային քաղաքացին գիտի, որ ինքը չի կարող այդ շենքում բնակարան գնել: Այլ հարց է այն, որ որոշ քաղաքացիներ փորձեցին գնել, գումարն էլ տվեցին, բայց միևնույն է այդ էլիտար բնակարանների տերը չդարձան: Այսինքն՝ մի բան միանշանակ է, մեր երկրում նոր շենքեր են կառուցում կամ միայն վերնախավի, կամ էլ անհայտ նորելուկների համար, ում դեռ չենք տեսնում: Հետո աստիճանաբար կենտրոնը ցածրահարկից դարձրին բարձրահարկ շենքերով լեցուն, հետո քանդեցին Հին Երևանի հատվածը, աստիճանաբար իջան հրապարակ, աճուրդի հանեցին ԱԳՆ շենքը, որն իբրև թե չվաճառվեց, մի շրջապտույտ արեցին հրապարակով մեկ ու հասան Ազգային Պատկերասրահի շենքի մոտ, մի լավ նայեցին ու հասկացան, որ սա պատկերասրահի ու Հայաստանի Պատմության թանգարանի համար արժանի տեղ չէ, պետք է շենքը քանդել, տեղը կարգին մի երկու բարձրահարկ բնակելի շենք կառուցել ու այդ նորելուկներով լցնել: Իսկ կառավարության շենքի գլխին թմբուկ կառուցել, որ բոլորիս ականջին թմբկահարի, որ նորելուկների ժամանակն է եկել: Ահա մեր քաղաքի քաղաքաշինության պատմությունը, որը չի վերաբերվում ՀՀ ոչ մի քաղաքացու և չի կարող ոչ մի Երևանցու համար մաս դառնալ: Քաղաքը ոչ միայն զրկում են իր նախկին տեսքից, որն այնքան էլ զարմանալի գեղեցիկ չէր, այլ զրկում են հայեցի լինելուց: Այդ նորակառույցները կառուցվել են ոչ հայկական ճարտարապետությամբ, քաղաքի կենտրոնում գրեթե հայ չի մնացել: Երևանը վերածվում է փոքրիկ Բաբելոնի, որտեղ, իրոք, ոչ ոք միմյանց չեն հասկանում: Այսօր հերթը հասել է Հանրապետության Հրապարակին, որը պատմամշակութային կոթող է, որը մեր երկրի խորհրդանիշներից մեկն է, բայց ցավոք, այսօր քաղաքապետարանը մրցույթ է հայտարարում, և հրապարակը վերակառուցելու համար հրավիրում օտարերկրյա մասնագետների: Ինչո՞ւ: Ոչ մի օտարերկրացի չի կարող հայի համար հայեցի հրապարակ վերակառուցել, նույնիսկ քարը քարին չի կարող հայավարի դնել: Իսկ գիտեք ինչո՞ւ են դրսից կանչում մասնագետի, որովհետև Երևանը Բաբելոն են սարքում, իսկ հրապարակը չի համապատասխանում բաբելոնյան ստանդարտներին, այդ նորելուկներին դուր չի գալիս, որ մեր պ պատմության թանգարանը հրապարակի կենտրոնում է, որովհետև նորելուկներն իրենք ունեն իրենց պատմությունը և ամենևին չեն ուզում հայոց պատմության գովազդը լինի արդեն իսկ իրենց հրապարակում: Իսկ մեր ճարտարապետները ի՞նչ են անում, իսկ հայ ժողովուրդն ի՞նչ է անում: Ոչինչ: Բոլորս միայն խոսում ենք, բայց չենք գործում: Պետք է ոչ թե պայքարենք շենքի վերակառուցման կամ հրապարակում սպասվող փոփոխությունների դեմ, այլ այն նորելուկների դեմ, ովքեր մեր երկրում արմատավորվել են և փորձում են վերափոխել ամեն ինչ: Այսօր վերափոխվում է ոչ միայն քաղաքը, այլ նրա բնակիչը նույնպես և ապացույցն այն է, երեկոյան դուրս եկեք և քայլեք Հյուսիսային Պողոտայով, կտեսնենք բաբելոնյան հոգին, քայլող մարդկանց և նրանց շնչած օդը: Մեզ նորելուկներ պետք չեն, մենք ինքներս կարող ենք մեր հարցերը լուծել:

Հ.Գ. Այդ նորելուկներ կոչվածը պարզապես մետաֆորիկ անվանում է, որ ես եմ նրանց կոչել, իրենց ինքնությունը ճանաչեք ինքներդ: