Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում կատարած պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակեպ կոթողներ, 18 տարբեր անոթներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 9-7-րդ դարերով: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պատմական գիտությունների թեկնածու, «Պատմական միջավայի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը նշել է, որ ուսումնասիրություններն արվել են երկու հիմնական պեղավայրում՝ կոթողների շրջակայքում և դրանից քիչ հյուսիս՝ ջրանցքի մոտ, որտեղ հայտնաբերվել է սափոր, 18 տարբեր անոթներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 9-7-րդ դարերով և մի շարք ուլունքներ:
Երանյանը նշել է, որ պեղումները թույլ են տալիս եզրակացնել, որ տարածքը մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին ակտիվ բնակեցված է եղել:
Գտածոներից հատկապես արժեքավոր են մարդակերպ կոթողները, որոնք գյուղի բնակիչներից մեկն է նկատել: Հետախուզական պեղումները թույլ տվեցին պարզել, թե արդյոք կոթոներն իրենց կանգնեցման վայրում են գտնվում, թե ոչ, պարզվեց՝ «կոթողները ամենայն հավանականությամբ գտնվում են իրենց միջավայրում»,- ասել է Երանյանը:
Մասնագետի խոսքով՝ այսօր Արցախում հայտնի են շուրջ երեք տասնյակ նմանատիպ կոթողներ, որոնք տեղաշարժված են, ուստի նոր հայտնաբերվածները շատ կարևոր են «ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես էլ Կովկասի և ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի համար»: