Երեկ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի։ Սա բացարձակ թվով նշանակալի աճ է, սակայն պետք է փաստել, որ հետազոտությունների թիվն էլ մեծ եղել՝ կատարվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։ Այս մասին կառավարության նիստի սկզբում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք, և ընդհանուր մահերի թիվն այսպիսով դառնում է 245։ Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածություն, գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր հիվանդ, սակայն կարող եմ փաստել, որ մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատվող տեղեր եղել են՝ այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար»,- ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ վերջին օրերի ամենակարևոր ցուցանիշը հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է։ «Առավոտյան ժամը 9-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից ընդամենը 4 են տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ։ Ընդհանուր գնհահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք»,- ասաց նախարարը։











