Արդյոք Մնացականյանն ու Մամեդյարովը Վաշինգտոնում քննարկել են խաղաղապահ ուժեր ներգրավելու հարցը

20

Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական ձևաչափով կրկին ներկայացրին քննարկման համար փաստաթղթերը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվական կայքերը:

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ բարձրացվել է շփման գծում կայունություն ապահովելու հարցը: «Իմ փաստարկն այն էր, որ լուրջ բանակցություններ են վարվել նաև այն շրջանում, երբ զինված ուժերի շփման գծում հանգիստ չէր»,- ասել է Մամեդյարովը:

Նախարարը նշել է, որ աշխատանք է տարվում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարության հիման վրա, և որ վերջիններս 2-3 ամսից հաջորդ հանդիպման համար ամսաթիվ կառաջարկեն:

«Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հարցը: Կարգավիճակի հարցը հայտնի է, իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, այնտեղ կարող են միջազգային խաղաղապահ ուժեր լինել: Համանախագահները խոստովանում են, որ պետք է աշխատել այն ուղղությամբ»,- եզրափակել է պաշտոնյան:

Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ից փորձեցինք պարզաբանում ստանալ Մամեդյարովի այս հայտարարությունների շուրջ, սակայն մեզ տեղեկացրին, որ առաջիկայում հարցի շուրջ հայտարարություն կտարածեն՝ չմեկնաբանելով որևէ բան:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդես եկան, որտեղ խոսք անգամ չկար խաղաղապահ ուժերի ներգրավման մասին, սակայն խոսվում էր նախկինում եղած ինչ-որ պայմանավորվածությունների մասին, որոնց բովանդակությանն ավաղ տեղյակ չենք: