Արդյո՞ք Արթուր Դավթյանը Փաշինյանի ասած նվիրյալների ցանկում է. հարց դատախազին

4
Այսօր խորհրդարանում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա վարչապետի նշած նվիրյալների ցանկում է, թե՞ ոչ:

«2019 թվականի Կառավարության ծրագրերի կատարման տարեկան զեկույցում վարչապետն այստեղ խոսելով իրավապահ համակարգի մասին՝ նշեց, որ այդ համակարգն իրենք քարուքանդ չեն արել պայմանականորեն՝ անձ-նվիրյալների աշխատանքի շնորհիվ: Դուք իբրև հետհեղափոխական Հայաստանի իրավապահ համակարգի կարևորագույն օղակներից մեկի ղեկավար՝ այդ պայմանական նվիրյալների մեջ Ձեզ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Արթուր Դավթյանն իրեն ուղղված ուղիղ հարցին ի պատասխան՝ ընդամենն ասաց, որ այդ հարցն իրեն չպետք է ուղղել, հետևաբար՝ հարցին չի պատասխանի:

Արձագանքելով՝ իշխանական պատգամավորն ասաց, որ հարցը տալիս է այն պատճառով, որ նախկին բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի ու չարաշահումների մեջ, հասցնում են Հայաստանը լքել իրավապահ համակարգի կա՛մ միտումնավոր, կա՛մ անփույթ աշխատանքի հետևանքով:

Պատասխանելով՝ Գլխավոր դատախազն ասաց, որ իր պաշտոնեական պարտավորությունների կատարումն ավելի քան թափանցիկ է, տեսանելի է ցանկացածի, նաև հենց հարց տվող պատգամավորի համար: