Արգենտինայի խորհրդարանի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել

12

Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարեն ցեղասպանությունների կամ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել, որը ներառում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս մասին պատգամավորը հայտնել է Prensa Armenia գործակալությանը տված հարցազրույցում:

Պատգամավորի խոսքով`օրինագիծը չի ոտնահարի խոսքի ազատությունըը: Օրինագծի նպատակն է պաշտպանել զոհերի իրավունքները, պահպանել հասարակական կարգը և ազգային անվտանգությունը, ինչպես նաև կանխել ատելության և բռնության տարածումը:

Նշվում է, որ օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կարդարացնեն կամ հավանություն կտան ցեղասպանությանը կամ մարդկության դեմ կատարված հանցագործություններին»:

«Ազգային Կոնգրեսը 2006-ին օրենք է ընդունել` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար այն ևս ներառված է մեր առաջարկած օրինագծում», – ընդգծել է պատգամավորը: