Կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ պացիենտները վարակի տարածման աղբյուր չեն հանդիսանում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ն, հաղորդում է CNBC-ին:
ԱՀԿ ներկայացուցիչը փարատել է այն մտահոգությունները, որ ասիմպտոմ հիվանդների չբացահայտման պատճառով բարդ կլինի վիրուսի դեմ պայքարը:
Նա նշել է, որ կան շատ երիտասարդներ, ովքեր վարակված են կորոնավիրուսով, բայց որևէ ախտանշան չունեն հիվանդության: Սկզբում ԱՀԿ-ն նշում էր, որ վիրուսը մարդուց մարդուն էր փոխանցվում անգամ եթե վարկակիրը սիմպտոմներ չուներ, բայց այժմ նշում է, որ ասիմպտոմ հիվանդներից վիրուսը չի փոխանցվում:
«Մեր ունեցած տվյալներն ապացուցում են, որ հազվադեպ է, երբ ասիմպտոմ անձը մի երկրորդ անձի վարակի,- ասում է Մարիա Վան Կերխովը՝ ԱՀԿ աղետների գծով ղեկավարը՝ հավելելով,- այդ դեպքերը հազվագյուտ են»:
ԱՀԿ-ից հայտնում են, որ դեռևս շատ ուսումնասիրություններ են հարկավոր վերջնական պատասխան ստանալու համար՝ արդյոք կորոնավիրուսը կարող է լայնորեն տարածվել ասիմպտոմ հիվանդների շրջանում:
«Մենք տարբեր երկրների ուսումնասիրություններ ունենք, ովքեր ուշի ուշով հետևում են ասիմպտոմ դեպքերին և գրեթե չեն գտել վարակի փոխանցման դեպքեր: Եթե ապացուցվի, որ ասիմպտոմ պացիենտները կորոնավիրուսի վարակը տարածողներ չեն, հսկայական փոփոխություններ կլինեն»,- ասել է նա:
ԱՀԿ ներկայացուցիչը հավելել է, որ եթե երկրները կենտրոնանան սիմպտոմներ ունեցող պացիենտների վրա և իրապես հետևեն բոլոր դեպքերին, մեկուսացնեն նրանց, հետևեն կոնտակտավորներին և նրանց ինքնամեկուսացման մեջ պահեն, ապա կորոնավիրուսի բռնկումը մեծապես կնահանջի:














