Ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության շփման գծում մարտերի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեծ բեռնատար օդանավը երկու անգամ վայրէջք է կատարել Իսրայելում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը Haaretz թերթի վրա հղումով:
Իսրայելական պարբերականի փոխանցմամբ` Իլ-76 օդանավը երկիր է ժամանել ապրիլի 4-ին և 6-ին: Haaretz-ը հաղորդում է, որ AZAF8 (Azerbaijani Air Force 8) տարբերանշանով օդանավը ժամանել է Թուրքիայի կողմից, թռել է Կիպրոսի վրայով և Իսրայելի օդային տարածք է մուտք գործել Թել Ավիվի վրայով: Թերթը, վկայակոչելով արտասահմանյան զեկույցները, նշում է, որ Իսրայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ չորս տարում այդ պետությանը վաճառելով մոտ 5 միլիարդ դոլարի սպառազինություն:














