Որևէ կերպ անհնար է պատկերացնել, որ հայկական կողմը կգնա զիջումների՝ վտանգելով Արցախի անվտանգությունը: Ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօր արած հայտարարությանը, որ Արցախի հակամարտությունը փուլային լուծում է պահանջում՝ մասնավորապես «տարածքների հանձնում»:
«Երկրորդ կարևորագույն տարրը՝ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորշման սկզբունք, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է այս բանակցություններում: Դա մենք կոչել են՝ անվտանգություն և ստատուս: Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում»,- ասաց նա:
Մնացականյանը նշեց, որ խաղաղ կարգավարոումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: «Հայկական կողմերը որևէ դեպքում, երբևէ չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, որը սպառնալիք կստեղծի ԼՂ բնակչության համար, առավել ևս, որ այդ սպառնալիքը ռեալ է և էքզիստենցիալ»:
ԱԳ նախարարը շեշտեց. «Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և ստատուսի տարրերը: Սա եղել է հայկական կողմի մոտեցումը, մնացել է հայկական կողմի մոտեցումը արդեն 2 տարի է և բանակցությունների ժամանակ մենք խոսում ենք սրա մասին»:
Մնացականյանը վստահություն հայտնեց, որ խորապես սխալվում են այն մարդիկ, որ իրենց թվում է՝ բանակցությունների ժամանակ այլ բան է խոսվում, հետո այլ:











