Անին՝ The Guardian -ի 10 լավագույն հնավայրերի ցանկում

10

The Guardian պարբերականը կազմել է «Ավերակ հնավայրերի լավագույն 10-ի» ցուցակը: Կամբոջայի Կոհ Կեր տաճարի, Պերուի Չոկեկիրաո ինկերի քաղաքի, պորտուգալական Կոնիմբրիգա  հռոմեական բնակավայրի և մյուսների կողքին հայտնվել է նաև հայկական Անին: Հայոց Բագրատունիներին մայրաքաղաքի մասին The Guardian-ը գրում է.

«Թուրքիայի ծայր արևելքում (Արևմտյան Հայաստան) բազմաթիվ հիանալի գանձեր կան, որոնցից մեկն էլ Անին է՝ հայկական Բագրատունի դինաստիայի մայրաքաղաքը մինչև 11-րդ դարը, որը գտնվում էր առևտրային ճանապարհների վրա և 400 տարի շարունակ ծաղկում: Այն իր ծաղկման գագաթնակետին 100 հազար բնակչությամբ ավելի մեծ էր, քան ժամանակի ցանկացած եվրոպական քաղաք: Անին ավերվել է 1319 թվականին երկրաշարժի հետևանքով: Գեղեցիկ եկեղեցիների, տաճարի, պալատների ու պարիսպների մնացորդներն այսօր սփռված են ողջ քաղաքի երկայնքով»:

Նշենք, որ The Guardian-ի ցուցակում ընդգրկված մյուս հնավայրերն են Կոհ Կեր տաճարը Կամբոջայում, Չոկեկիրաո ինկերի քաղաքը Պերույում, Կոնիմբրիգա հռոմեական բնակավայրը Պորտուգալիայում, Հան Յանգլինի արձանները Չինաստանում, Պելլայի տաճարը Հորդանանում, Վատիկանի ստորգետնյա փողոցներն Իտալիայում, Թախտ է-Սոլեյման վայրն Իրանում, Ֆաթեհպուր Սիքրի մոնղոլական քաղաքը Հնդկաստանում, Պուլայի ամֆիթատորնը Խորվաթիայում: