ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում շեշտել է, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Հայաստանում պարտադրված քայլ է՝ ուղղված կայունության պահպանմանը տարածաշրջանում: Հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Կարծում եմ՝ դա հարկադրված քայլ էր՝ ուղղված ռազմական իրավիճակի հավասարակշռմանը տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես նորագույն զենք է ձեռք բերել: Մենք չունենք Ադրբեջանի պես հնարավորություններ, նկատի ունեմ ֆինանսական, սակայն մենք մշտապես ձգտում ենք հավասարակշռել իրավիճակը`հակազդեցություն գտնելով: Կարծում եմ, որ այս դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի «հակաթույն է»,-ասել է Սարգսյանը:
«Անշուշտ, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, մենք չէինք ցանկանա դրան գնալ, բայց ինչ անել, եթե քեզ ամեն օր պատերազմով են սպառնում, ֆիզիկական բնաջնջմամբ: Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,-ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագիր ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման վերաբերյալ:
«Կարծում եմ, Ռուսաստանը, ելնելով դրանից, ընդառաջ գնաց մեր խնդրանքին և տրամադրեց մեզ ռազմական առումով գերազանց այդ համակարգը: Անշուշտ, գուցե, մարդկության համար լավ կլիներ, որ նման համակարգեր ընդհանրապես չլինեին, բայց երբ ստիպված ես, գնում ես դրան»,-ասել է նախագահը:
Սարգսյանը խոսել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության մասին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում:
«Ռուսաստանը կարևոր դերակատարություն է ունեցել ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, չէ որ հայ հասարակությունը միանշանակ չընդունեց Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշումը, ամեն դեպքում ԶԼՄ-ների, ԱԳՆ-ի մակարդակով: Այստեղ կարելի է հասկանալ հայ հասարակությանը, քանի որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ վտանգի պարագայում Ռուսաստանը միշտ Հայաստանի հետ կլինի: Բայց ինչպես ասում են, երազելը վնասակար չէ, որոշակի հատվածը հասարակության հասկացավ, որ Ռուսաստանը ստիպված է հետևել հավասարակշռությանը, քանի որ դրան չհետևելը կհանգեցներ ավելի լայնամասշտաբ գործողությունների: Այն, ինչ Ռուսաստանն արեց, միգուցե միակ բանն էր այդ իրավիճակում, որ ստեղծվել էր ապրիլին»,- ընդգծել է Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը նաև հավելել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է հաշվի առնվի նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:
«Մենք ճանաչում ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաև Ադրբեջանի: Բայց ազգերի ինքնորոշման իրավունքը որևէ կերպ չի հակադրվում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում»,- նշել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Երևանն ու Բաքուն մի քանի անգամ մոտ են եղել համաձայնագրի ստորագրմանը՝ նախագահ Սարգսյանը նշել է.
«Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում:
Բայց այնտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այդ ազատ կամարտահայտումը պարտադիր իրավաբանական ուժ ունի, այնուհետև գրված էր, թե ով է մասնակցում, որն է օրակարգը։ Այսինքն` հանրաքվե։ Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»,- նշել է Սերժ Սարգսյանը: