Վերջին օրերին Հայաստանում կատարվող գործընթացները բացահայտում են չափազանց ցավալի ու վտանգավոր մի իրողություն` հանուն նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու իրողությունը: Դրա վկայություն է այն, ինչ այս օրերին մենք տեսնում ենք օտարերկրյա հեռուստաընկերությունների, առավելապես ռուսական եթերում: Ազգային ժողովի ընդդիմադիր մեր գործընկերները, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետներն ու փորձագետները ռուսական հեռուստաեթերից ուղղակի լուտանքներ են թափում Հայաստանի, Հայաստանի պետականության նկատմամբ, ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Այս ամենը տեղավորվում է պարզագույն «դրսից տղա բերելու» էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ: Այդ սխեման շատ պարզ է. Սկզբում նրանք վազում են իրենց հովանավորյալ երկրի դեսպանատուն, Հայաստանի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում են ռուսական եթերում, որը լցնում են ոչ միայն սեփական երկրի դեմ ուղղված իրենց կեղտոտ հայտարարություններով, այլ նաև ռուս հաղորդավարի ցնդաբանություններով:
Սա անթույլատրելի ու դատապարտելի գործելաոճ է: Բոլոր այս սուբյեկտները այս ամբիոնից, սեփական ժողովրդի հետ խոսելու փոխարեն նախընտրում են օտարներին` ցույց տալով, որ չունեն իրենց երկրում տեր զգալու ու հայրենիքի անգամ չնչին զգացողություն: Պարոնայք, այս իրադարձություններն անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք այս օրերին ձեր հակապետական գործունեությամբ, մնալու է, չի ջնջվելու հասարակության և իհարկե մեր բոլորի հիշողությունից, ասել է պատգամավորը:











