ԱՄՆ-ն այժմ առավել քան երբևէ ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Հեֆերն

8

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ամենայն հավանականությամբ այս տարեվերջին կայցելի Երևան: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Կայքին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում այդ մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները այժմ առավել քան երբևէ ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ 

«Շատերը հարցնում են՝ ինչպիսին է Միացյալ Նահանգների արձագանքն ի պատասխան նրա, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը։ Վաշինգտոնը շատ հստակ նշում է՝ ԱՄՆ-ը այժմ առավել քան երբևէ ցանկանում է իր հարաբերությունները ավելի խորացնել և ավելի լավ գործընկեր դառնալ», – ասել է ԱՄՆ-ի դեսպանը։

Հարցազրույցում ԱՄՆ-ի դեսպանը դրական ակնկալիքով է խոսել նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ ասելով․ «Դուք կտեսնեք, որ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի հետ փորձելու է այս հարցն առաջ մղել, և ես հույս ունեմ, որ Հայաստանի ժողովուրդը կհասկանա, թե ինչով են պայմանավորված այդ որոշումները. դրանք արվում են հանուն խնդրի խաղաղ կարգավորման»,- ասել է դեսպանը՝ չմանրամասնելով, թե ինչ որոշումների մասին է խոքսը։