Աղձքում պեղումներ կիրականացվեն: Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն, ծրագրի կատարող և արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, և ծրագրի համար երեք տարվա կտրվածքով 50 միլիոն դրամ է նախատեսված:
Սիմոնյանի խոսքով՝ Աղձքի դամբարանը միշտ եղել է պետության ուշադրության կենտրոնում: Բացի այդէ ծրագիրը կարող է դառնալ միջազգային, քանզի տարածաշրջանում վաղ միջնադարյան միակ արքայական դամբարանն է
Սիմոնյանը վստահ է, որ հենց Աղձքի պեղումների շնորհիվ Հայաստանը կարող է մշակութային տեսանկյունից միջազգային ասպարեզ դուրս գալ:
«Այստեղ կլինի թանգարան, կբարեկարգվի տարածքը և կդառնա զբոսաշրջության համար կարևոր վայրերից մեկը»,- ասաց նա և նշեց:
Պեղումները մտադիր են շուտ սկսել, որպեսզի ապրիլի 24-ին Հայաստան ժամանած պատվիրակությունները վաղնջական հայկական հուշարձանին ծանոթանալու հնարավորություն ունենան:
Մի փոքր ներկայացնենք Աղձքի դամբարանի պատմությունը: Ըստ այդմ՝ Պարսից բանակը, գրավելով Դարանաղյաց Անի քաղաքը, կողոպտում է արքունի գանձարանն ու պղծելով հայոց արքաների շիրիմները` նրանց ոսկորները հավաքում է և իր հետ վերցնում` Պարսկաստան տանելու: Դրանով պարսիկները կամենում էին հայերին զրկել իրենց ոգեղեն ուժից ու անպատվել հայոց արքայատունը: Եվ ահա, Վասակ Մամիկոնյան սպարապետն իր 60.000-անոց բանակով Այրարատում գիշերային անակնկալ հարձակում է գործում պարսկական մեծաքանակ զորքի վրա, սրակոտոր անում շատերին ու ազատում հայոց արքաների ոսկորները:
Նույն թվականին Վասակ սպարապետի հրահանգով Արագածոտնի Աղձք գյուղում դամբարան է կառուցվում, որտեղ ամփոփվում են արքայական ոսկորները:
Պատմիչները վկայում են, որ արքաների ոսկորները մայրաքաղաք չտարան, քանզի քրիստոնյա թագավորների հետ մեկտեղ այնտեղ կային նաև հեթանոս արքաների ոսկորներ: Իրականում այնտեղ չկար և ոչ մի քրիստոնյա թագավորի ոսկոր:
Բանն այն է, որ Արշակի օրոք կույր, բայց ողջ էր նրա հայրը` հայոց Տիրան Արշակունի թագավորը (338-350), իսկ նրա հայրը` Խոսրով Գ Կոտակը (330-338), թաղված էր իր կառուցած Դվին մայրաքաղաքում: Տրդատ Գ-ն (287-331) նույնպես թաղված չէր Անի բերդաքաղաքում: